
«Check in Georgia» ծրագրի շրջանակներում Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք Քութաիսիում տեղի է ունեցել Խոսե Կարերասի համերգը:
Համերգը տեւել է երկու ժամ: Իսպանացի տենորը ելույթ է ունեցել` Թբիլիսիի Վախթանգ Կախիձեի անվան սիմֆոնիկ նվագախմբի և երիտասարդ սոպրանո Սալոմե Ջիկիայի նվագակցությամբ: Կարերասը կատարել է հայտնի արիաներ, այս համերգով 70-ամյա տենորն ավարտել է իր բեմական կարիերան:
Կարերասն աշխարհի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Նրա պատվին Իսպանիայում անվանակոչվել են կոնսերվատորիա, մի քանի երաժշտական դպրոց և համերգասրահ: