Իմ հարազատ գյուղի՝ Ջավախքի Նինոծմինդայի շրջանում գտնվող Թորիայի մասին նախորդ անդրադարձս ավարտել էի «Խնդիրների ծիրում» ենթավերնագրով: Խնդիրների մասին խոսվում է ամեն օր ու ամենուրեք:
Սակայն, ամեն բացվող առավոտի հետ մեր գյուղի ամենօրյա խնդիրներին ավելանում է ևս մեկը։ Յուրաքանչյուր առավոտ գյուղի երկու ծայրում վազվզելով, իրար հրմշտելով հավաքվում են 3-6 տարեկան երեխաները` վառվռուն աչքերով, կարմիր այտերով, կոկիկ հագուկապով։ Երկու թաղերի՝ ներքին ու վերին մայլաների բաժանված գյուղում ամեն առավոտ ավտոմեքենա ունեցող բնակիչներից երկուսը հավաքում են մանուկներին և ուղևորվում հարակից գյուղ՝ երեխաներին մանկապարտեզում տեղավորելու։
Թորիայում մանկապարտեզ չկա ու մանկահասակ երեխաների ծնողները ստիպված ամեն օր՝ տարբեր խնդիրներ հաղթահարելով, չորս կմ անբարեկարգ ճանապարհով գյուղից գյուղ են անցնում ու ապահովում այս երեխաների, այդքան կարևոր, կրթության իրավունքը։ Ու չնայած վերջին տարիներին մեր գյուղում նկատվում է ծնելիության աճ, սակայն մանկապարտեզ ունենալու մասին անգամ չի էլ խոսվում։ Ու, հավանաբար, դեռ մի քանի սերունդ էլ ստիպված կլինի դարուփոս ճանապարհով ընթացող մեքենաներում անցկացնել մանկությունը։
Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա դրանք մի առանձին անդրադարձի թեմա են։ Միայն նշեմ, որ վերջին տարիներին շրջկենտրոն Նինոծմինդայից մինչև հայկական գյուղեր (Ղաուրմա, Հեշտիա, Թորիա, Ուջմանա) տանող ասֆալտը, տասնամյակներ շարունակ անխնա ծառայելուց հետո, այսօր հազիվ է նշմարվում, իսկ անձրևաջրերը հարմար տեղավորվում են տեղ-տեղ երևացող ասֆալտների արանքում։ Իշխանությունները խոստացել են այս տարի ամբողջական ասֆալտապատում, սակայն պատմությունն ու փորձը ցույց են տվել, որ պետք է ուրախանալ միայն սեփական աչքերով տեսնելուց հետո:
Ինչպես ողջ երկրում, այնպես էլ մեր շրջանում և հենց իմ գյուղում գործազրկությունը թիվ մեկ խնդիրն է։ Գյուղի տղամարդկանց մեծամասնությունը տարվա հիմնական մասը ստիպված անցկացնում է Ռուսաստանում աշխատելով: Ամռանը գյուղը գրեթե դատարկվում է: Յուրաքանչյուր մեկնող տղամարդու աչքերում անսահման կարոտ է, յուրաքանչյուր մեկնող տղամարդու թիկունքում վերադարձի սպասող անհամբեր հայացքներ։
Լինում են դեպքեր, երբ կարոտը շրջանցելու պատճառով ամբողջ ընտանիքով են մեկնում՝ մեկ կողպված դուռ էլ ավելացնելով գյուղում։
Արտագնա աշխատանքի միջոցով ընտանիքի ապրուստը հոգալու որոշումն այնքան էլ հեշտությամբ չի ընդունվել։ Սակայն մի համայնքում, որտեղ միայն գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն կա, մինչդեռ գյուղացու քրտնաջան աշխատանքը գրոշի արժեք չունի, մնում է օտար ափերում բախտ որոնելը։
Եվ մեկնողների շարքերում շատ հաճախ երիտասարդներ էլ են։ Իսկ ուրիշ ինչո՞վ զբաղվեն նրանք։ Գյուղում չկա երիտասարդների համար նախատեսված որևէ վայր, զբաղմունք: 10-15 տարի առաջ եթե գյուղը ֆուտբոլի, վոլեյբոլի և այլ սպորտաձևերով շրջանում առաջատարներից էր, ապա այժմ սպորտով գրեթե չեն զբաղվում։ Երիտասարդությունը, հատկապես ձմռանը, փաստացի գտնվում է «բլոկադայի» մեջ:
Այսօրվա դրությամբ ինչի՞ հետ է կապված գյուղի զարգացումը: Գյուղի զարգացումը ուղիղ կապ ունի գյուղացու գրպանի հետ: Մի քանի տարի գործում էր «Գյուղի զարգացման» ծրագիրը: Բավականին մեծ գումարներով իրականացվեցին տարբեր ծրագրեր, բայց արի ու տես, որ գյուղացին այդպես էլ չզգաց գյուղի զարգացումն ու պետության սատարումը։
Ապրելով իրեն ժողովրդավար հռչակած երկրում, որտեղ, ըստ էության, պետք է ժողովրդի կամքով ձևավորված և նրա շահերը պաշտպանող իշխանություն լիներ, սակայն ստացվում է, որ իշխանությունները ցանկանում են ժողովրդին պահել փակուղու մեջ: Այսինքն, ըստ նրանց, մարդիկ պետք է հավերժ շնորհակալ լինեն 21-րդ դարում էլեկտրականություն, գազ, կամ ջուր ունենալու համար:
Ու թեև այս բաղադրիչները, իհարկե, կարևոր են, սակայն կան բազում այլ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում։