Թբիլիսիում հաճախակի են դարձել քաղաքային տրանսպորտի վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը: Այս մասին «Ambebei.ge» լրատվականին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին:
Ըստ նրա, նախարարությունը նման պատկեր է ստացել քաղաքում տեղադրված «խելացի» տեսախցիկների օգնությամբ:
«Երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների օգնությամբ պարզել ենք, որ քաղաքում հատկապես շատացել են հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդների կողմից իրականացված խախտումները», -նշել է փոխնախարարը:
«Այս պահի դրությամբ «խելացի» տեսախցիկների համակարգի գործունեության վերահսկումը կատարվում է մարդկանց կողմից, ովքեր արձանագրում են նկատած բոլոր խախտումները: Առաջիկայում ամեն ինչ արվելու է ավտոմատ կերպով: Տեսախցիկները նկատում և Ֆիքսում են բոլոր խախտումները, այնպես որ խորհուրդ եմ տալիս պահպանել երթևեկության կանոնները»:
Ըստ Խուցիշվիլիի, տուգանքներ կիրառելու գործընթացը հեշտ լուծվող խնդիր է. «Հավանաբար քաղաքապետարանից կխնդրենք վարորդների (հասարակական տրանսպորտի) ու նրանց վարած տանսպորտային միջոցների տվյալները: Այնպես որ արդեն հնարավոր կլինի տուգանել անմիջապես խախտում գործած վարորդին»: