Թբիլիսիի կենդանաբանական այգին եւ պարեկային ոստիկանությունն իրականացրել են Խաշուրի քաղաքից այն տղայի երազանքը, որը նախորդ օրն առանց ծնողներին տեղեկացնելու փախել էր տնից, որպեսզի այցելի Թբիլիսիի կենդանաբանական այգի: Քաղաքների միջեւ հեռավորությունը 130 կմ է:
Երեկոյան 10-ամյա երեխային գտել էին պարեկային ոստիկանության աշխատակիցները, զանգահարել երեխայի հորը, որն էլ նրան տուն էր տարել, այդպես էլ կենդանաբանական այգի այցելելու հնարավորություն չտալով:
Ոստիկանությունում, սակայն, որոշել են օգնել փոքրիկ Գիորգիին եւ նախօրեին Թբիլիսիում երեխային հայտնաբերած ոստիկանության աշխատակիցները նրան կրկին մայրաքաղաք են բերել: Գիորգիի հետ Թբիլիսի են ժամանել նաև նրա եղբայրը եւ հայրը:
Թբիլիսիի կենդանաբանական այգին Գիորգի Նոզաձեին հանձնել է «ընկերության պատվոգիր» եւ տարեկան անվճար այցելության քարտ:
Տղայի հետ հանդիպել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն եւ էքսկուրսիա անցկացրել: Գիորգին, որի պատմությունը հետաքրքրել է լրագրողներին, հայտարարել է, որ ամենից շատ հավանել է առյուծներին, օձերին եւ վագրերին։