Վրաստանի կառավարության հերթական նիստին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ի թիվս այլ հարցերի` խոսել է երկրի անկախության և այդ ճանապարհին տարբեր գործընթացների մասին: Վարչապետն ասել է, որ 25 տարի առաջ` մարտի 31-ին վրաց ժողովուրդը ` Օսիայի և Աբխազիայի բնակչության հետ միասին արտահայտել է իր վերաբերմունքը` երկրի անկախության հանդեպ:
«Հենց այդ հանրաքվեի արդյունքն է այն, որ մենք այսօր կառուցում ենք անկախ եվրոպական երկիր: Այս հաղթանակը շատերի ջանքերի շնորհիվ է. նրանց, ովքեր այդ կարևոր տարիներին ազգային շարժման մասնակից էին: Սակայն առաջին հերթին դա Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ձեռքբերումն է: Այսօր նա կդառնար 77 տարեկան: Մենք համոզված ենք և լիահույս, որ Վրաստանը կդառնա այնպիսի երկիր, որի մասին 1991 թվականի այս օրը երազում էր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Մեր խնդիրն է ` ապագայի նկատմամբ այդ հավատն արդարացնել»:
Վարչապետի խոսքերը փոխանցում է «Interpressnews»-ը: Հիշեցնենք, որ Զվիադ Գամսախուրդիայի անվան հետ է կապված այս օրը. հենց 1991-ի մարտի 31-ին անցկացված հանրաքվեով վրաց ժողովուրդը` այդ թվում Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչությունը կողմ քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս գալուն: