Օգոստոսի 5-ը լուսաֆորների միջազգային օրն է

Լուսաֆորի միջազգային օրը նշվում է օգոստոսի 5-ին: Հենց այդ օրը 102 տարի առաջ ամերիկյան Քլիվլենդ քաղաքում տեղադրվեցին Ջեյմս Հոգի նախագծած էլեկտրոնային լուսաֆորները: Այն ուներ ընդամենը երկու գույն (կարմիր ու կանաչ), որոնց փոփոխությունն ուղեկցվում էր ձայնային ազդանշանով:

Հայտնի է, որ ավելի վաղ` 1868թ.-ին, նման մի սարք տեղադրվել էր Լոնդոնում, սակայն այն բանից հետո, երբ լոնդոնյան լուսաֆորը պայթել և վիրավորել էր ոչ հեռու կանգնած ոստիկանին, սարքը հեռացրել և դրա մասին մի քանի տասնամյակ մոռացել էին:

Առաջին եռագույն լուսաֆորները,  որոնք նաև ձայնային ազդանշան էին արձակում, տեղադրվել են 1920 թ.-ին Դետրոյտում և Նյու-Յորքում: Վրաստանում առաջին լուսաֆորը տեղադրվել է 1932թ.-ին:  Ինչպես «Новости-Грузия»-ին հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունից, այն գտնվում էր քաղաքի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայի և Ալեքսանդր Ճավճավաձեի փողոցների խաչմերուկում:

Ներկայում Թբիլիսիում գործում է ընդամենը 219 լուսաֆոր, որոնցից 121-ը` այսպես կոչված «սմարթ» կամ «խելոք» լուսաֆորներն են, որոնք ոչ թե ուղղակի մեխանիկորեն փոխում են լույսերը, այլ վերլուծում են տրանսպորտային հոսքի խտությունն ու ըստ այդմ կարգավորում երթևեկությունը:  Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայության հաշվարկով «սմարթ» լուսաֆորները տրանսպորտի անցանելիությունն ավելացնում են առնվազն 18-20 %-ով: Այս տարի Թբիլիսիում կտաղեդրվեն 19 նոր «սմարթ» լուսաֆորներ, ևս 26-ը` կվերանորոգվեն:

Բացի այդ, Թբիլիսիի 15 անցումների վրա տեղադրված են հետիոտնի համար նախատեսված կոճակներով լուսաֆորներ: Մայրաքաղաքում նաև գործում են 6 ձայնային լուսաֆորներ` սահմանափակ տեսողությամբ մարդկանց համար: Այս տարի կտեղադրվի ևս 25  նման լուսաֆոր: Քաղաքային տրանսպորտային ծառայությունից վստահեցրել են, որ քաղաքապետարանը շարունակելու է գնել նոր լուսաֆորներ և թարմացնել գործողերը:

Լուսաֆորները կառավարվում և մոնիթորինգի են ենթարկվում Վրաստանի Ներքին գործերի  նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության շենքից: Դրանց շահագործումն ու օպերատիվ վերանորոգումն իրականացնում է տենդերը շահած կազմակերպությունը:

 

 

 

Թողնել պատասխան