«Լեռնային հանգստավայրերը պետք է հասանելի դարձնել հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների համար»,-կառավարության նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Մինչ այդ, կառավարության նիստում փոխվարչապետ, Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալքսանդր Ջեջելավան տեղեկացրել էր, որ 10 հազար երեխա հնարավորություն է ստացել գարնանային արձակուրդն անցկացնել երկրի ձմեռային հանգստավայրերում:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ բազմաթիվ երեխաներ հանգստավայրերում էին պետական ֆինանսավորմամբ: Այս հնարավորությունն ընձեռվել էր հատկապես նրանց, ովքեր ի վիճակի չէին վճարելու: Հույս ունենք, որ հաջորդ տարիներին այս թիվն էլ ավելի կմեծանա»,- հայտարարել է Ջեջելավան:
Վարչապետ Կվիրիկաշվիլին դրական է գնահատել նախաձեռնությունը՝ ավելացնելով, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի շատերը կարողանան օգտվել այդ հնարավորությունից:
«Ձմեռային հանգստավայրերում սպորտդպրոցներ և հյուրանոցներ են գործելու, որոնց գները ցանկացած քաղաքացու համար մատչելի են լինելու»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: