«Վրանները հեռացնելը ապօրինի գործողություն էր, ոստիկանությունից սրա համար պատասխան ենք հայցելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է բողոքի ակցիան նախաձեռնող «Սպիտակ աղմուկ» կազմակերպության ղեկավար Բեքա Ծիքարիշվիլին: Ինչ վերաբերում է առավոտյան ձերբակալված անձանց, վերջինի խոսքով, նրանք ակցիայի մասնակիցներ չեն եղել:
«Վրաստանում վրան տեղադրելն արգելող օրենք գոյություն չունի: Վրանները հեռացնելն ապօրինի գործողություն էր: Այս պահին լարվածությունից զերծ մնալու համար հետագա քայլերը կծրագրենք գրասենյակում»,- նշել է Ծիքարիշվիլին:
Հիշեցնենք՝ մայիսի 11 լույս 12-ի գիշերը իրավապահ մարմինները հատուկ գործողություն էին իրականացրել Թբիլիսիի երկու ակումբներում՝ ձերբակալելով թմրանյութեր վաճառելու մեջ կասկածվող 8 անձի, իսկ ակումբում գտնվող մյուս անձանց դուրս էին բերել։ Այս գործողությունը բողոքարկելու նպատակով Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի առջև ակցիա էր կազմակերպել «Սպիտակ աղմուկ» կազմակերպությունը: Երիտասարդները վրաններ էին տեղադրել, ակումբային երաժշտությունն էին միացրել և գիշերել այնտեղ: