
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ուժգին ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է: Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Ըստ տեղեկատվության, ռուսական կողմում կա կուտակված 267 մեքենա, որից 210 բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար: Ճանապարհի բացմանն է սպասում 329 մարդ։
Նշվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին ապահովել է ջեռուցման համակարգով:
Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը խորհուրդ է տալիս այս օրերին խուսափել երթևեկությունից: