Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Իրակլի Սեսիաշվիլին «անլուրջ» է համարել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի` խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու քայլը:
Պատգամավորի կարծիքով` նախընտրական քարոզարշավը 3 ամսից ավել ձգձգելը որոշակի բարդություններ է առաջացնում, իսկ 3 ամիսը միանգամայն բավարար է.
«Պետք է հարցին լուրջ մոտենալ. նախագահը թող չկարծի, թե պահուստային ֆոնդի գումարները նրա սեփական գրպանից են: Նախագահի պաուստային ֆոնդը ստեղծված է նրա համար, որ այդ գումարները օգտագործվեն հատուկ դեպքերում` հիմնականում կապված աղետների հետ: Եթե մենք դրանք այսօր ծախսենք, Աստված չանի` ինչ-որ բան պատահի, նախագահը մեզ կասի, որ փող չունի, քանի որ ինքը ընտրություններ էր նշանակել հինգ ամիս առաջ, և բոլոր միջոցները նախընտրական ընթացքում ծախսվել են: Մենք պետք է այդ ռեսուրսները ադեկվատ օգտագործենք »,— պատգամավորի մտահոգությունների մասին գրում է «Interpressnews» պարբերականը:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախագահին հետ է ուղարկել ընտրությունների ժամկետի հետ կապված հրամանը` հիմնավորված նկատառումների հետ միասին: Ըստ վարչապետի` ճիշտ կլինի, որ նախագահը ընտրությունների օրը հայտարարի հուլիսի 8ին:
Գիորգի Մարգվելաշվիլին էլ իր հերթին լրագրողներին հայտնել է, որ ընտրությունների անցկացման ժամկետի հետ կապված հանձնարարության մասին կտեղեկացնի մայիսի սկզբին: