Վրաստանի տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը սահմանափակումներով է գործում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության մամուլի ծառայությունը:
Առատ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե (Ռուսաստանի դաշնության հետ սահման) ավտոճանապարհի 138-ից 158 կմ հատվածում երթևեկությունը արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների համար: Մյուս բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը ազատ է:
Առատ ձյան պատճառով երթևեկությունը սահմանափակվել է նաև Ծալկայի շրջանի 16 գյուղերում: Ծալկայի քաղաքապետի տեղեկատվության համաձայն ճանապարհների մաքրման համար մոբիլիզացված է համապատասխան տեխնիկա, այնուամենայնիվ ձյան առատության և քամու պատճառով գյուղերը միմյանց և քաղաքին կապող ճանապարհները առայժմ մաքրել չի հաջողվում: Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհը այս պահի դրությամբ բաց է:
Մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի հանրապետության սահման) ճանապարհի 90-ից 112 կմ-ին, ինչպես նաև միջազգային նշանակության Ախալքալաքի-Կարծախի (Թուրքիայի հետ սահման) ավտոճանապարհի 1-ից 36 կմ հատվածում երթևեկությունը արգելված է կցորդով, կիսակցորդով, ինչպես նաև 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մնացած բոլոր տեսակի մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար երթևեկությունը արգելված է նաև Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի 1-ից 40 կմ հատվածում: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը ազատ է:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ճանապարհային վարչությունը վարորդներին խորհուրդ է տալիս օգտագործել ձմռան համար նախատեսված անվադողեր, չհանդուրժել մեքենայի անսարքությունը, ինչպես նաև ենթարկվել ճանապարհային երթևեկության կանոններին»,- նշված է Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: