«Տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով է հնարավոր լուծել»-Թբիլիսիում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։
Վերջինս Կիպրոսի իր գործընկերոջ այցը Վրաստան պատմական է համարել՝ ընդգծելով, որ վերջին 25 տարիների ընթացքում խորհրդարանական պատվիրակության նմանատիպ բարձր մակարդակի այց տեղի չէր ունեցել։
«Ես համոզված եմ, որ Կիպրոսի իմ գործընկերոջ այցը շատ կարևոր խթան է հանդիսանալու երկկողմ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար: Մեր հարաբերությունները այս 25 տարիների ընթացքում (դիվանագիտական հարաբերությունների հաստատելուց ի վեր) ընթանում են դրական ու դինամիկ ճանապարհով»,-ասել է Կոբախիձեն։
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում ընդգծված համագործակցությունը:
Նա նաև նշել է, որ հանդիպմանը խոսել են Վրաստանում տեղի ունեցած բարեփոխումների մասին, ինչը շատ կարևոր է եվրաինտեգրման հարցում:
«Մենք ընդգծեցինք Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին Կիպրոսի աջակցության կարևորութունը: Անդրադարձանք նաև Վրաստանի բռնագրաված տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ մարդու իրավունքների և անվտանգության միջավայրին: Մենք ընդհանուր մարտահրավեր ունենք, որը կապված է տարածքային ամբողջականության հետ, ուստի մեզ համար կարևոր է այդ հարցում ակտիվ համագործակցությունը։ Անշուշտ, այս խնդիրները հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով․ այլընտրանք գոյություն չունի»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: