Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ստի մեջ է մեղադրել հայտնի օպերային երգիչ, բարերար Պաատա Բուչուլաձեին,
ով վերջերս հիմնադրած կուսակցությամբ պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նախօրեին Բուրչուլաձեն հայտարարել էր, որ 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ Իվանիշվիլիի հետ խոսակցություն է ունեցել իր թեկնածության մասին, սակայն հրաժարվել է ընտրություններին մասնկցել, քանի որ այդ ժամանակահատվածում քաղաքական գործընթացներում ներգրավվելու անհարժեշտություն չի տեսել: Իվանիշվիլին այսօր լրագրողներին ասել է. «Բուրչուլաձեին խորհուրդ կտամ չստել: Միգուցե ավելի ուշ մենք նրա մասին ավելի մանրամասն խոսենք »:
Բուրչուլաձեն, իր հերթին մեկնաբանելով Իվանիշվիլիի հայտարարությունը, խոստացել է, որ Իվանիշվիլին իր խոսքերի համար պատասխան կտա. «Ես պատասխանատու եմ իմ ասածների համար: Դեռ ոչ ոք կասկածի տակ չի առել իմ խոսքերը, ինչը չէի ասի Իվանիշվիլիի հարցում. կա ձայնագրություն, որում կարող եք լսել Իվանիշվիլիի մեկնաբանությունները»,— ասել է Բուրչուլաձեն:
Իվանիշվիլին այսօր հաստատել է նաև, որ մասնակցություն է ունեցել նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի պաշտոնանկության գործում: Բայց, ինչպես ինքն է բացատրել «ИнтерVIEW» հաղորդաշարի եթերում, դա չի նշանակում, թե նա ճնշում է գործադրել ինչ-որ մեկի վրա.« Ես խորհուրդ եմ տվել, նրանք հաշվի են առել, բայց կարող էին նաև հաշվի չառնել: Դուք կարծում եք ես բռնի ուժո՞վ եմ Ղարիբաշվիլիին ստիպել հրաժարական տալ: Նա ինձ հետ խորհրդակցություններ է ունեցել և դա նորմալ է: Եթե բանը դրան է ասել, ապա ասեմ, ես ևս գնացի չէ՞: Ինձ ինչ-որ մեկը ստիպե՞ց գնալ: Նա գնահատեց իրավիճակը: Սկզբական շրջանում ինքը ինձ հարցնում էր գնալու ժամանակը չի՞ եկել: Մենք խոսել ենք այդ մասին, և դա նորմալ է նա ինձ իր ավագ ընկերն էր համարում», — ասել է Իվանիշվիլին, նշելով, որ Ղարիբաշվիլին երկրորդ անգամ է հարցրել` արդյո՞ք իր հեռանալու ժամանակը չէ, ինչին ինքը պտասխանել է, թե` վատ միտք չէ:
Լրագրողների այն հարցին` ինչպես կբնութագրի իրեն` ո՞վ է ինքը այս պահին, Իվանիշվիլին ասել է, թե միակ կարգավիճակը, որ ունի այսօր` Վրաստանի քաղաքացին է: «Դուք խոսում եք շարքային քաղաքացու հետ, և դա քիչ բան չէ. դա մեծ պատասխանատվություն է ենթադրում: Այլ հատուկ կարգավիճակ այսօր ես չունեմ»: Այն հարցին, թե երկրի համար ինչ սպառնալիքներ է պարունակում մի հոգու ձեռքերում իշխանության կենտրոնացումը, միլիարդատերը պատասխանել է , թե սպառնալիք բառը չափազանցված է. «Ձեզ հայտնի է իմ անձը, դուք լսել եք իմ քաղաքացիական պատասխանատվության մասին, ես այն եմ, ինչ կամ, բայց կարևորն այն է, որ իմ գործունեության մեջ դուք չեք գտնի ոչինչ, որ ես արել եմ երկրի դեմ, եթե չլսեք, իհարկե, «Ռուսթավի 2» և ստի մեքենային: Ես ամբողջ կյանքս խղճով եմ ապրում, ենթարկվում եմ օրենքին: Այս տեսանկյունից չեմ հասկանում` ինչո՞ւ եք օգտագործում սպառնալիք բառը: Իսկ իշխանության մասով կասեմ, որ իմ իշխանությունը կայանում է նրանում, որ ինձ ժողովուրդը վստահում է, իմ խոսքը ուժ ունի, և հարցն ամենևին ֆինանսի մեջ չէ», -ասում է իվանիշվիլին: