48 մարդ է ձերբակալվել Իսպանիայում մեծամասշտաբ հատուկ գործողությունների հետևանքով, հաղորդում է ABC իսպանական հեղինակավոր պարբերականը:
Գործողությունները տարվել էն Մադրիդ, Խետաֆե, Լենագես և Բարսելոնա քաղաքներում: Հաղորդվում է, որ բոլոր ձերբակալվածները հանցավոր խմբի անդամներ են, մեղադրվում են բնակարանային հարյուրավոր գողությունների մեջ: Նրանց մեծ մասը Վրաստանից մեկնածներ են:
Ստուգումների արդյունքում Իսպանիայի ազգային ոստիկանությունն առգրավել է մոտ 600 ոսկյա զարդ, կենցաղային տեխնիկա, նաև 13 հազար եվրո գումար: Բացի այդ, իրավապահները կասկածյալների բնակարաններում հայտնաբերել են նաև բնակարանային գողությունների համար նախատեսված գործիքներ: Մեղադրյալները զբաղվել են նաև մեքենաների գողությամբ:
Հանցավոր խմբի նկատմամբ քննությունը սկսվել է նախորդ տարվա մարտին, երբ իսպանական ոստիկանությունը ձերբակալել է այսպես կոչված՝ «Վրացական մաֆիայի» անդամ մի քանի գողի: Նման մասշտաբի հատուկ գործողություններ տարվել են նաև նախորդ տարվա նոյեմբերին, այն ժամանակ ձերբակալվել էր խմբավորման 44 անդամ: