Վրաստանի բարձր լեռնային շրաջններում ապրող ուսուցիչները, բուժաշխատողները և թոշակառուները սեպտեմբերի 1-ից կօգտվեն լրացուցիչ արտոնություններից: Իսկ թոշակառուների ու սոցիալական փաթեթեից օգտվողների արտոնությունների ընթացակարգը առավելագույնս կպարզեցվի:
Այս մասին օգոստոսի 16-ի կառավարության նիստի ընթացքում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա գնահատմամբ, այս նորմուծությունները կարեւոր են հատկապես բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու տեսանկյունից և նպատակ ունեն թոշակառուների ու սոցիալական փաթեթից օգտվողների արտոնությունների ստացման գործընթացն ավելի պարզեցնել: «Մեր նպատակը բարձր լեռնային գոտիների բնակիչների սոցիալական հարցերի լուծումն է: Լրացուցիչ արտոնություններից արդեն օգտվում են երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքները, իսկ սեպտեմբերի 1-ից կօգտվեն նաեւ ուսուցիչներն ու բուժաշխատողները: Իսկ հարկային արտոնություններից կօգտվեն բարձ լեռնային գոտիներում բնակվող գործարարները»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ «բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» օրենքը, որը մի շարք արտոնություններ է ենթադրում, ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հունվարից: Հարկ է նշել, որ փաստաթղթի որոշ կետեր ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից, որոշներն էլ 2017թ. հունվարի 1-ց:
Բարձր լեռնային բնակավայրերում պետության կողմից իրականացվող այս քաղաքականութլյունը երկրի տարածաշրջանային զարգացման քաղաքականության մասն է կազմում եւ ուղղված է Վրաստանի տարբեր շրջանների հավասարաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, բարձր լեռնային տարածքներում բնակիչների սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանը:
Օրենքը պարզաբանում է` բարձր լեռնային բնակավայր է համարվում ծովի մակարդակից 1500մ եւ ավելի բարձրության վրա գտնվող տարածքը: Այն սահմանվում է նաև ելնելով այլ չափորոշիչներից (կլիմա, բնակլիմայական շրջապատ, գյուղատնտեսության տեսանկյունից հողի վիճակ, արտագաղթ և այլն): Բարձր լեռնային բնակավայր կարող է համարվել նաև 800մ-ից ոչ պակաս բարձրության վրա գտնվող տարածքը: Պետությունը նշում է նաեւ, որ բացառության կարգով` հաշվի առնելով որոշ հանգամանքներ, բարձր լեռնային բնակավայր կարող է համարվել նաեւ 800մ-ից ցածր գտնվող տարածքը:
Չնայած, որ ծովի մակարդակից համապատասխան բարձրություն չունեն, այդուհանդերձ բարձր լեռնային բնակավայր են համարվում նաև Խեվին, Մթիուլեթին, Պանկիսիի, Գուդամակղրիի կիրճերը, Բարձր լեռնային Աճարան, Փշավ-Խեվսուրեթին, Թուշեթին, Զեմո Սվանեթին, Քվեմո Սվանեթին, Ռաճան եւ Լեչխումին:
Նշվում է, որ օրենքը չի տարածվում Վրաստանի օկուպացված տարածքների վրա, քանի դեռ վերականգնված է Վրաստանի իրավասությունը այդ շրջաններում:
Վերջերս՝ ընթացիկ տարվա հունիսի 23-ին, սկզբնական փաստաթղթում թվարկված 1582 բնակավայրին ավելացել է եվս 99-ը:
Ո՞վ կարող է ստանալ բարձր լեռնային բնակավայրի քաղաքացու արտոնություն
Ֆիզիկական անձին բարձր լեռնային բնակավայրի մշտական քաղաքացու կարգավիճակ կարող է տալ կամ դրանից զրկել գամգեբելին` շրջանային վարչության նախագահը: Իսկ հիշյալ ֆիզիկական անձը պետք է լինի՝ 1. Վրաստանի քաղաքացի 2. Գրանցված լինի բարձր լեռնային տարածքում 3. Յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ամենաքիչը 9 ամիս բնակվի բարձր լեռնային տարածքում:
Բարձր լեռնային բնակավայրի մշտական քաղաքացու կարգավիճակ ստանալու իրավունք չունի այն անձը, ով մահացել է, փոխել է գրացման հասցեն, լքել է բնակավայրը, կորցրել է Վրաստանի քաաքացիությունը:
Սոցիալական արտոնությունները հետեւյալն են՝
Սեպտեմբերի 1-ից թոշակային տարիքի հասած բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող քաղաքացիները, որ ամեն ամիս ստանում են պետական թոշակ, օրենքի համաձայն որպես արտոնություն կստանան նաեւ թոշակի առնվազն 20 տոկոսի չափով գումար:
Բժիշկները պետական թոշակի կրկնապատիկ չափով են գումար ստանալու, բուժքույրերը՝ պետական թոշակին հավասար: Արտոնությունների թվում են նաև ձմեռային ամիսներին պետության կողմից իրականացրած միջոցառումները ( ընթացիկ տարվա հոկտեմբերից հաջորդ տարվա ապրիլը):
Օրենքի համաձայն, պետությունը վճարում է սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի 50 տոկոսը (այն դեպքում եթե ծախսված էլեկտրաէներգիան չի գերազանցունմ 100 կվտ): Այս կետն ուժի մեջ կմտնի 2017 թ. հունվարի 1-ից:
Այն դեպքում, եթե ծնողներից մեկը գրանցված է բարձր լեռնային բնակավայրում, առաջին և երկրորդ երեխայի դեպքում ընտանիքը 1 տարվա ընթացքում ստանում է առնվազն 100 լարի, երրորդից հետո` 2 տարվա ըթացքում ստանում են առնվազն 200 լարի:
Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանց աշխատավարձը կավելանա 35 տոկոսով: Մեկ այլ կետի համաձայն, հատուկ ծրագրերի մասնակցող ուսուցիչների աշխատավարձը կավելանա 50 տոկոսով: Վերջին կետով նախատեսված արտոնություններից օգտվողները չեն կարող օգտվել նաև առաջինի արտոնություններից:
Արտոնություններ գոյություն ունեն նաեւ հարկային ոլորտում: Այսպես, բարձր լեռնայի բնակավայրում գրանցված կազմակերպությունը հարկային օրենսգրքի ժամկետների ու կարգի համաձայան ազատվում է պետական հարկերից:
Վերջերս, Ջավախքում գործող «Jnews» կայքը` «Խտրական մոտեցում» վերտառությամբ հոդվածում անդրադառնալով խնդրին, գրել էր, որ օրենքից չեն կարող օգտվել Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող այլ երկրի քաղաքացիները: «Սոցիալական կարիքները հոգալու համար ջավախքցիները մինչ օրս էլ շարունակում են ձեռք բերել այլ երկրի (հիմնականում Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն: Մարդիկ ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008 թ. հնգօրյա պատերազմից հետո Ջավախքի բնակիչներից շատերը, ովքեր ընտանիքը պահում են Ռուսաստանում վաստակած գումարով, հայտնվեցին բարդ իրադրության մեջ: Մարդիկ ելք էին փնտրում Ռուսաստան մեկնելու և այն գտան այլ երկրի քաղաքացիություն ստանալով»,- գրել է պարբերականը` ներկայացնելով նման կարգավիճակ ունեցող բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները, ովքեր չնայած ծնվել և ողջ կյանքն ապրել են Վրաստանում, սակայն այսօր զրկվել են քաղաքացիությունից` դրա հետ նաև արտոնություններից օգտվելու իրավունքից: Նշենք, որ հիշյալ մարդիկ` ստանալով երկրորդ երկրի քաղաքացիություն, ինքնաբերաբար կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, քանի որ Վրաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք:
Դեռևս պարզ չէ, արդյոք պետությունը քայլեր ձեռնարկելու է այս մարդկանց եվս արտոնություններից օգտվելու հնարավորություն ընձեռել: