Օրեր առաջ Թբիլիսի բերված էլեկտրական ավտոբուսի երթուղին ընդգրկում է մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, էլեկտրական շարժիչով և մարտկոցով աշխատող ավտոբուսների գործարկումը բխում է մայրաքաղաքի էկոլոգիական իրավիճակի բարելավումից։
«Արդեն 48 տարի նշվում է երկրագնդի օրը: Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ այսօր մենք ևս անմասն չենք օդի աղտոտման լուրջ խնդրից: Մեր նպատակն է օդի աղտոտումից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել: Այս ավտոբուսների ներմուծումը հենց այդ նպատակով է արվում»,-ասել է Կալաձեն:
Նոր ավտոբուսները սկզբնական շրջանում ուղևորներին կծառայեն անվճար: Ավտոբուսում հասանելի է նաև անվճար WiFi-ը։
Էլեկտրական առաջին ավտոբուսը Վրաստան է բերվել երկրում էլեկտրական ավտոբուսի հավաքման գործարանի կառուցման ծրագրի շրջանակներում։ Ավելի վաղ, Fregobus ընկերության ղեկավար Մուրման Պատարայան տեղեկացրել էր, որ Վրաստանում կկառուցվի էլեկտրական ավտոբուսների հավաքման գործարան: