Եվրամիության անդամ 28 երկրներից Լեհաստանը բացառություն է, որտեղ Վրաստանի քաղաքացիներն օրինական ճանապարհով աշխատելու հնարավորություն ունեն: Վրաստանի և ևս 4 երկրի քաղաքացիները (Բելառուս, Մոլդովա, Ռուսաստան և Ուկրաինա) կարող են մեկ տարում 6 ամիս, առանց աշխատանքային թույլտվության աշխատել Լեհաստանի տնտեսության բոլոր ոլորտներում: Նման համաձայնություն կա նաև Էստոնիայի հետ, սակայն այն դեռևս փորձնական փուլում է:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի հետազոտությունը, որտեղ խոսվում է նաև Վրաստանի քաղաքացիների՝ Լեհաստանում ժամանակավոր աշխատանքային միգրացիայի մասին: Հետազոտության ժամանակ հարցազրույց են վերցրել Լեհաստանում աշխատանքային փորձ ունեցող միգրանտներից: Ըստ հետազոտության, աշխատելու համար Լեհաստան են գնում հիմնականում 20-45 տարեկան անձինք, հիմնականում տղամարդիկ:
Հետազոտության համաձայն՝ Լեհաստանում չկա պետական կամ մասնավոր հայեցակարգ, որը կնպաստի աշխատանքային միգրացիային, ինչը լավ օգտագործում են միջնորդ կազմակերպությունները, որոնք Վրաստանի քաղաքացիներին աշխատանքի են տեղավորում Լեհաստանում: Միևնույն հետազոտության համաձայն, քաղաքացիների համար ամենից բարդը Լեհաստանի դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալու հայտն ինքնուրույն լրացնելն է: Դեսպանատանը հարցազրույցի համար միջնորդներ են աշխատում: Հետևաբար, Վրաստանի քաղաքացին, ով ամիսներ շարունակ չի կարողանում գրանցվել, ստիպված է լինում դիմել միջնորդ կազմակերպություններին:
Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը, միգրացիայի միջազգային կազմակերպության հետ մեկտեղ աշխատում էր մի քաղաքական ծրագրի վրա, որը ենթադրում էր 2 երկրում ( Լեհաստան և Էստոնիա) օրինական միգրացիայի նախապայմաններ ստեղծել: Ծրագիրը տևել է 24 ամիս: 24 ամսվա ընթացքում, այսինքն` 2015-2017 թվականներին պետությունն ընդամենը 15 մարդու է օրինական կերպով աշխատանքի տեղավորման գործում նպաստել: Այդ 15 անձինք մասնագիտությամբ զոդող են եղել:
Այս 15 անձինք գրանցված են եղել worknet.gov.ge կայքում (զբաղվածության պետական ծառայության կայքը) և նրանց ընտրել է աշխատանքի և զբաղվածության քաղաքականության դեպարտամենտը: Նշված կայքում գրանցված է աշխատանք փնտրող ավելի քան 70 հազար մարդ: Արտերկրում աշխատանք փնտրող անձինք չեն սպասում և չեն կարող սպասել, թե երբ կհայտնվեն Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքի և զբաղվածության քաղաքականության դեպարտամենտի ցուցակում: Նրանք աշխատանք են փնտրում սեփական ուժերով և այդ նպատակով հաճախ ստիպված են լինում բավականին մեծ գումար վճարել միջնորդ կազմակերպություններին:
Ի՞նչ ճանապարհ են անցնում Վրաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Լեհաստան աշխատելու նպատակով
Գիորգին չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը: Նա մանրամասն պատմում է այն ճանապարհը, որը վերջին մեկ ու կես տարում անցել է:
«Չեմ ցանկանում որևէ մեկի հետ լինի այն, ինչ ինձ հետ է պատահել»,- ասում է նա:
Աշխատելու նպատակով Լեհաստան է մեկնել 2016 թվականի ապրիլին: Վրաստանում գործազուրկ է եղել: Աշխատանքի տեղավորման համար միջնորդ կազմակերպություն է գտել իր ուժերով: Աշխատանքային վիզայի համար տվյալ կազմակերպությանը վճարել է 1000 եվրո: Ըստ պայմանավորվածության, միջնորդ կազմակերպությունը պետք է աշխատանք գտներ: Գիորգիի պայմանը եղել է այն, որ ելնելով իր ֆիզիկական տվյալներից, չի կարող աշխատել շինարարության ոլորտում, յուրաքանչյուր այլ աշխատանքի համաձայն է եղել: Վերջ ի վերջո միջնորդ կազմակերպությունը լեհ-գերմանական սահմանի մոտ աշխատանք է գտել` շինարարության ոլորտում: Գիորգին չի համաձայնել, իսկ վիզայի հաշվարկն արդեն սկսված է եղել:
Գիորգին ևս մեկ շաբաթ սպասել է կազմակերպության պատասխանին: Վերջում գնացել է Լեհաստան` չիմանալով, թե որտեղ է աշխատելու: Աշխատանքի ընդունվելու ճանապարհը բարդ է եղել: Մի քանի աշխատանք է փոխել: Կահույք է մաքրել: Այնուհետև եկեղեցիներից մեկում չքավորներին տրվող սննդի կետում խոհարարի օգնական է աշխատել: Նրան խաբել է նաև հոգևորականը, ով աշխատանքի է վերցրել և խոստացել աշխատանքի համար թույլտվության գործում օգնել նրան: Քանի որ երկրում մնալու թույլտվության ժամանակը սպառվում էր, ստիպված է եղել այլ` ավելի ծանր աշխատանքներ անել, որպեսզի համապատասխան գումար հավաքի աշխատանքի թույլտվությունը ստանալու համար:
Աշխատավարձն ու կենսապայմանները
Գիորգին ասում է, որ մինչ արտասահման մեկնելը վրացիների ունեցած պատրանքներն ի չիք են դառնում տեղում հայտնվելուց անմիջապես հետո: Առաջին ակնկալիքը` աշխատավարձը, գրեթե երբեք չի համապատասխանում նրանց սպասելիքներին: Եթե գործատուն 1 ժամի համար 9 զլոտ է տալիս, այդ դեպքում առաջարկում է հոսթելի տիպի բնակարան: Իսկ եթե ձեր աշխատավարձը ժամում 11 զլոտ է կազմում, այդ դեպքում քնելու համար ինքներդ եք վայր գտնելու: Միջին աշխատավարձն ամսական 500 եվրո է: Չնայած կան նաև բարձր վարձատրվող մասնագիտություներ: 800 և ավելի եվրո է ստանում պրոֆեսիոնալ զոդողը, բեռնատարի վարորդը, էլեկտրիկը:
Գիորգին կենցաղային պայմանները ծանր է համարում: Ինքը ստիպված է 3 մարդու հետ կիսել վարձակալած բնակարանը:
Լեհաստանում օրինական ճանապարհով աշխատանք գտնելու ուղին
Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց աշխատանքի թույլտվության աշխատել Լեհաստանի տնտեսության բոլոր ոլորտներում, 1 տարում 6 ամսից ոչ ավել: Եթե լեհ գործատուն վարձում է օտարերկրացի, ապա պարտավոր է տեղի աշխատանքի գործակալությանը տեղեկացնել այդ մասին: Աշխատանք փնտրողը պետք է գտնի պոտենցիալ գործատու կամ գործակալություն, որը նրան կօգնի լրացնել հայտարարագիրը, այնուհետև այդ փաստաթուղթն օգտագործել Լեհաստանի դեսպանատանը վիզա ստանալու համար:
Միջնորդ կազմակերպությունը պետք է լրացնի ձեր հայտարարագիրը, որտեղ պետք է լինի հետևյալ տեղեկատվությունը. ձեր անձնական տվյալները, ապագա գործատուի տվյալները, աշխատանքի նկարագրություն, աշխատավայրի հասցե, ակնկալվող աշխատավարձ, աշխատանքը սկսելու օրը, պայմանագրի տևողությունը և պայմանագրի տեսակը (աշխատանքային կամ քաղաքացիական): Հայտարարագրի ձևաթուղթը և գրանցումն անվճար է:
www.praca.pl/en — այս կայքում կարող եք անգլերենով ծանոթանալ ազատ աշխատատեղերին
www.npo.pl, Oferty pracy — Pracuj.pl — այս կայքերում հայտերը միայն լեհերեն են
www.stat.gov.pl/en, http://www.krs-online.com.pl/ — այս կայքերում կարող եք ծանոթանալ այն կազմակերպություններին, որտեղ պատրաստվում եք աշխատանքի անցնել: Նույն կայքերում կարող եք ստուգել, թե արդյո՞ք ձեր ընտրած կազմակերպությունը գրանցված է զբաղվածության գործակալությունում որպես գործատու:
Ինչպե՞ս ընտրել միջնորդ կազմակերպություն
Լեհաստանում զբաղվածության գործընթացները հեշտացրել են տարբեր գործակալությունները կամ անհատները, ովքեր որոշակի վճարի դիմաց աշխատանք են առաջարկում:
«800 ԱՄՆ դոլար առանց վիզայի և 1000 դոլար վիզայով»,- այսպիսինն են աշխատանք գտնող կազմակերպություններից մեկի պայմանները: «Բաթումելեբի» (Բաթումցիներ) թերթը կապ են հաստատել տվյալ կազմակերպության աշխատակիցների հետ, ովքեր չեն ցանկացել խոսել, այդ պատճառով թերթի լրագրողները ևս մեկ անգամ կապվել են որպես աշխատանք փնտրողներ:
Կազմակերպություններից մեկի ներկայացուցչի խոսքերով, Լեհաստանում աշխատանքային վիզա ստանալու համար մեկից մեկ ու կես ամիս ժամանակ է անհրաժեշտ, այդ պատճառով, խորհուրդ են տվել օգտվել առանց վիզային ռեժիմից և դրանով նաև խնայել 200 դոլար: 800 դոլար վճարելու դեպքում աշխատանք փնտրողները ստանում են նաև ինքնաթիռի տոմս: Հարցին, թե ի՞նչ կլինի այն դեպքում, եթե սահմանապահը չթույլատրի հատել շենգենյան սահմանը, կազմակերպության ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենք լիովին պատասխանատու են:
Ինչո՞ւ չպետք է վճարել Վրաստանում գործող աշխատանք տեղավորող գործակալություններին
Աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների վերաբերյալ 181-րդ կոնվենցիայի համաձայն, որն ընդունվել է Ժնևում 1997 թվականին աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերենցիայի ժամանակ և վավերացվել է նաև Վրաստանի խորհրդարանի կողմից, աշխատանքի տեղավորող գործակալություններն իրավունք չունեն աշխատանք փնտրելու համար հոնորար կամ այլ տեսակի գանձում իրականացնել: Գործակալություններն այդ գումարը վերցնում են գործատուից` այն կազմակերպությունից, որտեղ դուք աշխատելու եք:
Ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչպե՞ս պետք է ստանալ Լեհաստանի վիզա
Շատ գործակալություններ, որոնք քաղաքացիներին խոստանում են աշխատանքի տեղավորել Լեհաստանում, պնդում են, թե աշխատանքային վիզա հարկավոր չէ: Որոշակի ծառայությունների դիմաց այս գործակալությունները քաղաքացուն կապում են գործատուի հետ, քաղաքացին գնում է Լեհաստան, իսկ սահմանը հատելիս օգտվում է առանց վիզային ռեժիմից:
Եթե միջնորդ կազմակերպությունը ձեզ այդպիսի պայմաններ է առաջարկում, խորհուրդ չենք տալիս գումար վճարել իրենց: Պաշտոնական բոլոր փաստաթղթերում, որոնք վերաբերում են Լեհաստանի հետ պարզեցված գործընթացներին, գրած է, որ աշխատանքային վիզան անհրաժեշտ է: Իսկ վիզա ստանալու համար, եթե ինքներդ չեք կարող, միջնորդ կազմակերպությունները պետք է օգնեն ձեզ:
Երբ կվերցնեք վիզան և կմեկնեք Լեհաստան, անպայման պետք է պայմանագիր կնքեք գործատուի հետ: Իրավունք ունեք պայմանագիրը պահանջել մայրենի կամ ձեզ համար հարմար այլ լեզվի թարգմանությունը: Եվս մեկ շատ կարևոր բան` աշխատավայրում շատ քաղաքացիներ չեն հավանում գործատուի առաջարկած պայմանները: Այդ պատճառով, քաղաքացին իրավունք ունի նոր գործատու գտնել և պայմանագիր կնքել նրա հետ: Սակայն այս դեպքում նոր գործատուն պետք է անպայման գրանցվի տեղական աշխատանքի գրասենյակում:
Առանց աշխատանքի թույտվության Լեհաստանում կարող եք աշխատել 6 ամիս: Եթե պատրաստվում եք ավելի երկարաժամկետ աշխատանքի, այդ դեպքում ձեր գործատուն ինքը պետք է հայտարարություն տա ձեզ համար աշխատանքի թույլտվություն ստանալու համար: Աշխատանքի թույլտվությունը տրվում է 30 օրվա ընթացքում, որպես կանոն այն տրվում է 3 տարի ժամկետով:
Ինչ վերաբերում է վիզայի երկարաձգմանը, դա պետք է ինքներդ անեք: Գործող վիզայի ժամկետը լրանալուց 45 օր շուտ պետք է դիմեք համապատասխան մարմնին:
Շփման լեզուն
Վրաստանցի էմիգրանտների համար Լեհաստանում հիմնական խոչընդոտը լեզուն է: Աշխատելու համար մեկնողները հույս են ունենում, թե կարող են հաղորդակցվել անգլերենով կամ ռուսերենով: Սա, հիմնականում, չի արդարացնում իրեն: Լեհաստանում աշխատողներն ասում են, որ լեհերը հաճախ հասկանում են ռուսերեն, չնայած սկզբունքորեն չեն խոսում:
Նինին ամուսնու հետ Վարշավա է մեկնել 3 ամիս առաջ: Գնալու համար դիմել է միջնորդ կազմակերպության, որը նրանցից 500 եվրո է պահանջել առաջարկվող ծառայությունների համար: Ամուսինները Լեհաստանի վիզա չեն վերցրել: Նրանք, ինչպես բազում այլ վրաստանցիներ, ովքեր վերջերս Լեհաստան են մեկնել աշխատելու, օգտվել են առանց մուտքի արտոնագրի ռեժիմից:
«Գործակալությունից ասացին, որ Լեհաստանում փայլուն ապագա է սպասվում մեզ, 700 եվրո աշխատավարձ, բնակարանով ապահովելու էր գործատուն և ամենակարևորը, հաղորդակցության խնդիր չենք ունենա, ասում էին` ռուսերեն խոսում են: Գնացինք: Իրավիճակը լրիվ այլ էր։ Առաջին աշխատանքը լաբորատորիայում էր: Աշխատում էինք 12 վրացիներով: Միայն մի քանի օր մնացինք: Մի վրացի չձգեց, ավելի ճիշտ` չհասկացավ թե ինչ է ասում գործատուն: Բոլորիս միասին դուրս արեցին: Աշխատանքով ապահովող վրացին այլ աշխատանք ճարեց մեզ համար, այնտեղից նույնպես դուրս արեցին: Ասում էին` «լեզուն չեք հասկանում, իսկ մենք ստիպված չենք ռուսերեն խոսել: Բարի եղեք և սովորեք լեհերեն»: Ամուսինս այլ տեղ էր աշխատում: Առանց աշխատանք չէի կարող մնալ: 5 վրացի աղջիկներով սկսեցինք աշխատել
«Տագո» հրուշակեղենի գործարանում: Չեմ կարող ասել, թե ինչերի միջով եմ անցել: Միայն ֆիլմերում են նման նվաստացուցիչ բաներ լինում, նման վիրավորանքներ… Մեզ վրա գոռում էին, այլանդակ բառեր էին ասում, հոգեբանական մշտական ճնշման տակ էինք աշխատում: Շատ ծանր պայմաններում էինք: Սակայն այլ ճանապարհ չունեինք: Պետք է մի կերպ աշխատեինք մեկ ամիս, որպեսզի ճանապարհի գումար ունենայինք: Կային աղջիկներ, որոնք չդիմացան: 12 ժամ աշխատում էինք, իսկ հանգստի համար ընդամենը 15 րոպե ունեինք: Այդ 15 րոպեում պետք է հասցնեինք հաց ուտել: Խոհանոցում տեսախցիկ կար և եթե չէիր հասցնում` տուգանում էին, այսինքն աշխատավարձից հանում էին»:
Նինոն և իր ամուսինը պատրաստվում են Վրաստան վերադառնալ, քանի որ Լեհաստանում օրինական մնալու ժամանակն ավարտվում է:
Ի՞նչ են անում Վրաստանի իշխանությունները քաղաքացիներին Եվրոպայում աշխատանքի տեղավորելու ուղղությամբ
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքի և զբաղվածության քաղաքականության դեպարտամենտի պետ Էլզա Ջգերենիան «Բաթումելեբի»-ին ասել է, որ երբ սկսել են աշխատել փորձնական ծրագրի վրա, կարևորը շուկայի հետազոտությունն էր և հասկանալը, թե ինչի կարիք ունի Լեհաստանի աշխատաշուկան, որ մասնագիտություններն են պահանջված:
Worknet.gov.ge կայքում գրանցվածներից զոդողներին աշխատանքի տեղավորելուց առաջ թեստ է անցկացվել, իսկ նրանց մասնագիտական որակները ստուգվել են հենց լեհ գործատուների կողմից:
«Կարևոր է Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի կանխարգելման մեխանիզմը հասցնել մինիմումի, քանի որ օրինական հայեցակարգը մարդկանց աշխատելու հնարավորություն է տալիս: Լեհաստանի հետ մեկտեղ, հետազոտվում է Էստոնիայի աշխատաշուկան: Կընտրվեն համապատասխան մասնագիտության մարդիկ և նույն սցենարով այս մարդիկ օրինական կերպով աշխատանքի կտեղավորվեն»,- ասում է Էլզա Ջգերենիան:
Վերջինիս խոսքով, Վրաստանն ակտիվորեն քննարկում է օրինական կերպով աշխատանքի տեղավորման սխեմաներ Ավստրիայի, Ռումինիայի, Հունաստանի և Կատարի հետ:
2017 թվականից Վրաստանի քաղաքացիները կարողանում են առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդել Շենգենյան գոտում: Չնայած իրավունք չունեն աշխատել ԵՄ տարածքում: ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը գործելուց 7 ամիս անց այդ հնարավորությունից օգտվել է Վրաստանի 160 հազար քաղաքացի, իսկ գործընթացները խախտել է 6 տոկոսը, այսինքն 9600 մարդ այնտեղ մնացել է 90 օրից ավել:
Նյութն ամբողջովին թարգմանվել է Batumelebi.ge կայքից