Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ակուրա» գինու գործարանի առգրավման գործով մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին և նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիին:
Դատախազության հայտարարությունում ասվում է, որ դատարանի որոշման համաձայն` Մերաբիշվիլին Վրաստանի ՔՕ 333-րդ հոդվածի երկրորդ կետի հատկանիշներով դատապարտվել է 2 տարի 3 ամիս, իսկ Զուրաբ Ադեիշվիլին` 1 տարի 6 ամիս ազատազրկման:
«Դատարանը հաստատել է, որ Իվանե Մերաբիշվիլիի և Զուրաբ Ադեիշվիլիի հրահրմամբ, քաղաքացիներ Թեյմուրազ Մեգրելիշվիլիից և Նոդար Մոդեբաձեից ստիպողաբար առգրավել են Թելավիում Ակուրա գետի մոտակայքում գտնվող գինու գործարանը: Մասնավորապես` 2004 թվականի հուլիսին Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի և Վրաստանի պետական անվտանգության նախարար Իվանե Մերաբիշվիլիի ղեկավարությամբ Բաթումիում, Աջարիայի ինքնավար հանրապետության այն ժամանակվա անվտանգության նախարարությունում ժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են իրավապահ համակարգերի ղեկավար անձինք:
Ժողովի ժամանակ Մերաբիշվիլին և Ադեիշվիլին լսել են «Վրաստանի ծովային բանկ»-ի լուծարման գործընթացի մասին: Նրանք նշել են, որ վերոնշյալ բանկը կապված է եղել Աջարիայի նախկին իշխանությունների հետ, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել բանկի ֆիզիկական և իրավաբանական անձանց հատկացված վարկերը հնարավորինս սեղմ ժամկետներում հետ վերադարձնել բանկին, որպեսզի բանկի լուծարումը տեղի ունենար արագ: Այդ գումարները պետք է փոխանցվեին Մերաբիշվիլիի և Ադեիշվիլիի կողմից նշված հաշվեհամարներին, իսկ բանկի բաժնետերերը չէին կարող օգտվել: Այն դեպքում, եթե վարկառուն չէր կարողանա վերադարձնել վարկը, նրանից պետք է պահանջեին պետությանը հանձնել այն անշարժ/շարժական գույքը, որի ձեռք բերման համար բանկից գումար են վերցրել»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ դատախազության՝ վերոնշյալ ծրագրի համաձայն՝ 2004 թվականի ամռանը Աջարիայի ինքնավար հանրապետության դատախազ Գիվի Պապուաշվիլիին անվտանգության ծառայությունից և Կենտրոնական բանկից փոխանցել են տեղեկություններ և պարտատերերի ցուցակը, որտեղ տեղ է գտել նաև գինու գործարանը:
Գիվի Պապուաշվիլին դատախազություն է կանչել «Ակուրա» գինու գործարանի սեփականատեր Թեյմուրազ Մեգրելիշվիլիին, Նոդար Մոդեբաձեին և տնօրեն Վախթանգ Չախվաձեին, ովքեր «Վրաստանի ծովային բանկ»-ից 2 600 000 լարի վարկ են վերցրել և այդ գումարով ձեռք բերել գինու գործարանի ակցիաների 89.060%-ը, գործարանում ներդրումներ կատարել, խաղողի վազեր տնկել և զբաղվել են գինու արտադրությամբ:
«Աջարիայի ինքնավար հանրապետության դատախազ Գիվի Պապուաշվիլին նրանց հայտնել է Իվանե Մերաբիշվիլիի և Զուրաբ Ադեիշվիլիի պահանջը, որի համաձայն՝ 2 ամսվա ընթացքում պետք է վերադարձնեին բանկից վերցրած վարկը կամ գործարանը հանձնեին պետությանը, հակառակ դեպքում՝ նրանք խնդիրներ կունենային:
Հոգեբանական ճնշման տակ գտնվող Թեյմուրազ Մեգրելիշվիլին և Նոդար Մոդեբաձեն իրավապահների կողմից սպասվող բարդություններից զերծ մնալու նպատակով, որոշել են հանձնել գինու գործարանը և դրա մասին տեղեկացրել են Գիվի Պապուաշվիլիին: Գույքի բռնագրավման գործընթացն արագացնելու նպատակով, իրավապահների նախաձեռնությամբ կեսգիշերին տնից հանել են նոտարին և 2004 թվականի սեպտեմբերի 7-ին՝ նոտարական կարգով ստորագրել նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ Թեյմուրազ Մեգրելիշվիլին և Նոդար Մոդեբաձեն Թելավիում գտնվող «Ակուրա» գինու գործարանը նվիրել են պետությանը»,- ասվում է հայտարարությունում:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ դատախազության և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության համատեղ գործունեության արդյունքում, տուժած քաղաքացիներ Թեյմուրազ Մեգրելիշվիլիին և Նոդար Մոդեբաձեին վերադարձվել է առգրավված գինու գործարանը:
Նշենք նաև, որ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը միաձայն որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Իվանե Մերաբիշվիլի իրավունքները խախտվել են: Դատարանն արձանագրում է, որ հետաքննության ժամանակ Մերաբիշվիլիին ազատ արձակելուց հրաժարվելը արդարացված չի եղել: