Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությամբ, բոլորի համար անհայտ է, թե ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Բրյուսելում լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Մարգվելաշվիլին ասել է՝ որևէ մեկը չի մեկնաբանել, թե ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետը։
«Ինչո՞ւ որևէ մեկը չի բացատրում Վրաստանի քաղաքացիներին՝ Կվիրիկաշվիլիի հրաժարականի պատճառը: Մի՞թե մենք արժանի չենք իմանալ, թե ինչ պատճառով նա հեռացվեց պաշտոնից»,- նշել է Մարգվելաշվիլին:
Ըստ Մարգվելաշվիլիի՝ այս հարցը ոչ միայն Վրաստանի բնակչությանն է հուզում, այլ նաև օտարերկրյա գործընկերներին:
«Մենք ունեինք վարչապետ, որը իբրև թե տնտեսական խնդիրների պատճառով հրաժարական տվեց, սակայն մայիսին մենք ունեինք այնքան տնտեսական աճ, որքան Վրաստանը չի ունեցել երբեք: Քաղաքական դաշտից ինչո՞ւ անհետացավ Կվիրիկաշվիլին: Նրան նաև հեռացրին քաղխորհրդից և փաստացի նրա նկարները հեռացնում են ամեն տեղից: Ո՞րն էր այս մարդու մեղքը, մենք չգիտենք: Ինձ հարցնում են՝ Կվիրիկաշվիլին ինչո՞ւ գնաց, ես պատասխան չունեմ»,- ասել է նախագահը: