Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ ռուս պրանկերը (հեռախոսային խաբեբա), ամենայն հավանականությամբ, խոսում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ:
Սահակաշվիլիի խոսքով, իրեն վրացական կողմին հանձնելը հավասար է Ռուսաստանին հանձնելուն:
«Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցներում տարածվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույց: Պարզվում է Դավոսում հանդիպում է եղել Պորոշենկոյի հետ, որտեղ խոսել են իմ արտահանձնման մասին, սակայն Վրաստանը հրաժարվել է: Այնուհետև Պորոշենկոն գնաց իբր թե ռազմավարական հարաբերությունները զարգացնելու, սակայն էլի խոսեցին Սահակաշվիլիի մասին: Վրացական կողմը ևս մեկ անգամ հրաժարվեց: Ասում են՝ չենք ուզում նրան վերադարձնել, ավելի լավ ենք ապրում: Բոլոր օլիգարխներն առանց ինձ լավ են ապրում: Կարծում եմ՝ եթե Պորոշենկոն փորձի ինձ հանձնել վրացական կողմին, ապա դա հնարավոր է, սակայն դա նույնը կլինի, ինչ հանձնել Ռուսաստանին, քանի որ Իվանիշվիլին Ռուսաստան է: Ժամանակին Պուտինը 2 միլիարդ է փոխանցել և բաց հայտարարել, որ Վրաստանում նոր իշխանություն է գալիս ու Սահակաշվիլիին կդատեն: Նա «Գազպրոմի» բաժնետեր է: Եթե ինձ հանձնեն Իվանիշվիլիին, դա կնշանակի, որ Ռուսաստանին են հանձնել, սակայն եթե ես հայտնվեմ Վրաստանում, վրաց ժողովուրդն այս իշխանությանը կհեռացնի»,- հայտարարել է Սահակաշվիլին: