Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նոր սեփականատերերին հանձնելու` քաղաքային դատարանի 2015-ի նոյեմբերի 3-ի որոշումը:
Ընկերության փաստաբանները պահանջել էին բեկանել այդ որոշումը և գործը վերադարձնել առաջին ատյան: Հիշեցնենք` Ռուսթավի 2-ի շուրջ դաական գործընթացը շարունակվում է նախորդ տարվա օգոստոսից: Նոյեմբերին քաղաքային դատարանը գործարար Կիբար Խալվաշիին է հանձնել հեռուստաընկերության 60 % բաժնեմասը, իսկ 40 %-ը` նրան պատանող «Պանորամա» բաց բաժնետիրական ընկերությանը: Բացի այդ, դատարանը հեռուստաընկերության ժամանակավոր ղեկավարներ էր նշանակել: Այս որոշումը հեռուստաընկերության ղեկավարությունը և ընդդիմության ներկայացուցիչներն անվանել էին ազատ խոսքի նկատմամբ քաղաքական պատվեր և ոտնձգություն:
Ավելի ուշ վերաքննիչ դատարանը չեղարկեց ժամանակավոր ղեկավարների հետ կապված որորշումը` վերականգնելով հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և ֆինանսական տնօրեն Կախա Դամենիայի լիազորությունները: Բացի այդ, դատարանը չի բավարարել հեղինակային իրավունքը վերակագնելու` Խալվաշիի պահանջը: Դատարանի որոշմամբ` «Ռուսթավի 2»-ի սեփականատերեր են համարվում Լևան Կարամանիշվիլին, Գեորգի Կարամանիշվիլին, Սքարթվելո ընկերությունը և Նինո Նիժարաձեն: Այս որոշման հետ համաձայն չեն ընկերության ներկա տերերը: Փաստաբանները տեղեկացրել են, որ մտադիր են որոշումը բողոքարկել Վրաստանի Գերագույն դատարանում:
«Ռուսթավի 2» հեռուսաընկերության փաստաբան Թամթա Մուրադաշվիլին հայտարարել է, որ ընկերության գործով դատավորները վճիռ կայացնելիս ղեկավարվել են դրսից, ինչն ըստ նրա, այսօր ապացուցվեց: Հատկանշականէ, որ այսօրվա դատական նիստին փաստաբաններին չեն թույլատրել ներկա լինել. «Դատավորները փաստացի ընդունեցին, որ մենք ճիշտ էինք. նրանք կնիք դրեցին այն ճշմարտության վրա, որ իրենց կառավարում են : Հունիսի 10-ը Վրաստանի արդարադատության հոգեհանգստի օրն է.- հայտարարել է Թամթա Մուրադաշվիլին»: