
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է Թուրքիայի դիվանագիտական առաքելություններում ոչ ներգաղթային վիզաների տրամադրման դադարեցման մասին: Ավելի վաղ դեսպանատունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարությունն անհանգստացած է Ստամբուլի ամերիկյան հյուպատոսության ներկայացուցիչ Մետին Թոփուզի ձերբակալությամբ, նրա նկատմամբ մեղադրանքները համարել է անհիմն, և Թուրքիայի հետ հարաբերությունները խզող. «Վերջին իրադարձությունները ԱՄՆ-ի կառավարությանը ստիպել են վերանայել Թուրքիայի իշխանությունների ստանձնած պարտականությունների հարցը՝ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ անվտանգության տեսանկյունից: Մենք դադարեցնում ենք ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գործող բոլոր ամերիկյան դիվանագիտական առաքելություններում»,- ասված է դեսպանատան Թվիթերի էջի հայտարարությունում:
Թուրքիան նույն կերպ է արձագանքել՝ հայտարարելով ԱՄՆ-ի քաղաքացիներին ոչ ներգաղթային վիզայի տրամադրման սառեցման մասին: Թուրքիան օգտագործել է ԱՄՆ-ի հայտարարությունը նույնությամբ՝ տեղերով փոխելով միայն ԱՄՆ և Թուրքիա բառերը: