Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին:
Հեղաշրջման փորձի հետ կապված` երկրի Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայում եռամսյա ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն, որպեսզի ավելի արագ և արդյունավետ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու համար,-հայտարարել է Էրդողանը` Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում` հաղորդում է «Ռիա նովոստին»: Էրդողանի համաձայն` ընդդիմադիրները մոտ օրերին կարող են հեղաշրջման նոր փորձ իրականացնել, ուստի արտակարգ դրությունն արդեն ուժի մեջ է մտել: Իշխանություննեը խոստացել են, որ սահմանափակումները չեն ազդի հասարակ մարդկանց կյանքի վրա:
Էրդողանը նաև քննադատել է երկրի հետախուզական ծառայությանը` հայտարարելով, որ եթե այն իր տեղում լիներ, կարելի կլիներ զինված հեղաշրջման փորձը կասեցնել: Ըստ նրա` ինքը հեղաշրջման մասին լսել է իր փեսայից, սակայն լուրջ չի ընդունել լուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը հեղաշրջման մասին տեղեկատվություն է ստացել, ինչից հետո ապստամբները հեղաշրջման օրը փոխել են: