Ապրիլի 16-ին Թբիլիսիի Հայարտուն կրթամշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել, որտեղ նշվում էր, որ ապրիլի 24-ին բողոքի ցույց է կազմակերպվելու Վրաստանում Թուրքիայի դեսպանության առջեւ:
Հայտարարությունում կոչ էր արվում բոլոր հայերին և բարեկամ ժողովուրդներին` միանալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին:
Ապրիլի 23-ին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել` Թբիլիսիում ապրիլի 24-ի ավանդական ցույցի վայրի փոփոխության եւ դրա պատճառների վերաբերյալ: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Ելնելով երկրում և տարածաշրջանում այսօր տիրող լարված և բարդ իրավիճակից, հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու համար, Վրաստանի Հայ Համայնքը որոշում է կայացրել այս տարի ձեռնպահ մնալ թուրքական դեսպանատան մոտ անցկացվող ապրիլի 24-յան ավանդական ցույցից: 24 ապրիլի 14:00-ին ծրագրված միջոցառումը այս անգամ, որպես բացառություն, կանցկացվի Հավլաբարում` սբ.Էջմիածին եկեղեցուն հարակից տարածքում»:
Ի դեպ` այսօր` ապրիլի 23-ին, Թբիլիսիում տեղի չունեցավ 2007 թվականից` Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվող «Ջահերով երթը»:
Մինչ այդ` ապրիլի 18-ին, «Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոն», «Վրաստանում բնակվող ադրբեջանցիների միավորում» եւ «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրես» կազմակերպությունները` ապրիլի 23-ին, Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ «խաղաղ ակցիա» իրականացնելու մասին տեղեկատվություն էին տարածել։ Այս միջոցառումը եւս տեղի չունեցավ, իսկ նշված ժամին, Թբիլիսիում ՀՀ դեսպանության մոտ մի քանի ոստիկան կար: