Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թուրքիայից մեծ չափերի թմրանությութի ապօրինի ներմուծման մեղադրանքով վրաց-թուրքական սահմանի Սարփիի անցակետի մոտ ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու:
Անձնական հետախուզման ժամանակ իրավապահները հայտնաբերել են սուբոկսոն թմրատեսակի 21 հաբ: Ձերբակալության պահին կասկածյալը եղել է թմրանյութի ազդեցության տակ, արդեն պարզվել է նաև, որ նա նախկինում դատվածություն ունի: Գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 260 հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով` թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահպանություն, օգտագործում եւ տեղափոխում:
Հիշեցնենք, որ սա Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման այս տարվա առաջին փորձը չէ: Մայիսին ևս իրավապահները, միեւնույն` վրաց-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացու էին ձերբակալել, ապրիլին Վրաստանի քաղաքացին փորձել էր Թուրքիայից մեծ քանակությամբ թմրանյութ անցկացնել, իսկ փետրվարին նույն կասկածանքով Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի: