Տեղեկությունը, իբր ջավախահայերը թուրքական բեռնատարների համար փակել են ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը, այս մասին գրում է Ջավախքի՝ «Jnews.ge» լրատվականի մեր գործընկերները:
Ապրիլի 20-ից 21-ը թուրքալեզու, ապա նաև ռուսալեզու և հայալեզու մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե թուրքական բեռնատարները հրաժարվել են Կարզախի անցակետից և բեռնափոխադրումներն իրականացնում են Վալեի անցակետով: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո թուրքական պետհամարանիշերով ավտոմեքենարները խուսափում են վրաց-թուրքական սահմանի՝ Ջավախքի Կարզախ անցակետով երթևեկելուց:
Արդյունքում Վալեի անցակետում բեռնատարների` երկար` մինչև 4 կիլոմետրանոց շարասյուն է գոյացել: Թուրքական կողմի բացատրությամբ` Ջավախահայերը «հարձակվում են» թուրքական մեքենաների վրա:
«Jnews.ge» -ի մեր գործընկերները տեղեկությունը ճշտել են հենց տեղում և գրում են, որ այն չի համապատախանում իրականությանը, տեղի բնակիչները բոլորը միաձայն հերքել են.
«Նման բան չկա, նրանք հանգիստ երթևեկում են, գյուղն ապրում է առօրյայով, նրանք հատուկ ուժերի թելադրանով են տարածում այդպիսի տեղեկությունները: Ճիշտ է, թուրքերը մեր աչքի լույսը չեն, բայց մենք նրանց երթևեկին չենք խոչնդոտում»,- «Jnews.ge» -ն մեջբերում է տեղաբնակներից մեկի խոսքը:
Կարզախ գյուղից ընտրված համայնքային պատգամավոր Ալբերտ Կարապետյանն իր հերթին վստահեցրել է, որ համացանցում կեղծ ինֆորմացիա է տարածվել, իսկ ով չի հավատում, կարող է գնալ, ընդամենը մեկ ժամ անցկացնել գյուղում և սեփական աչքով տեսնել`թուրքական քանի բեռնատար է հանգիստ և անվտանգ անցնում գյուղի տարածքով։