Թմրանյութերի օգտագործումը ապաքրեականացնելու մասին օրինագծի քննարկումը պետք է շարունակվի խորհրդարանում, քանի, որ այն խորհրդարանի անելիքն է: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Սերգի Կապանաձեն:
Ըստ «Եվրոպական Վրաստանի», թմրանյութային քաղաքականության վերաբերյալ գոյություն ունեցող օրինագծում հարկավոր է որոշ ճշգրտումներ մտցնել, ինչը միայն խորհրդարանի գործն է: Կապանաձեն նման հայտարարություն է արել՝ արձագանքելով Վրաստանի պատրիարքարանի հայտարարությանը։ Հիշեցնենք՝ պատրիարքարանը պահանջել էր քննարկել թմրանյութային քաղաքականության ազատականացման օրենսդրական փաթեթը։
Դրա հետ մեկտեղ պատրիարքարանը առաջարկել է վերոնշյալ թեմայի շուրջ հանրային քննարկումներ ծավալել իշխանության ներկայացուցիչների, հոգեբանների, բժիշկների, իրավաբանների, հոգևորականների, իրավապաշտպանների, լրագրողների, մանկավարժների ու շահագրգիռ մյուս կողմերի մասնակցությամբ:
Տեղեկացնում է «Ipn.ge»-ն: