Թիթեռներից եմ վախենում ու տանիքի բարձրությունից. Նադյան 600 ժամ օդում է անցկացրել (տեսանյութ)

«Փոքր տարիքում մե՛կ ատամնաբույժ էի ուզում դառնալ, մե՛կ դերասանուհի, մե՛կ երգչուհի, բայց եղավ այն՝ ինչ եղավ»,- ասում է Վրաստանի  առաջին ու միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանը:

Նադյայի կյանքն անցել ու անցնում է ինքնաթիռների շրջապատում: Հայրն ավիատոր էր, նույնիսկ այն փողոցը, որտեղ ապրում է երիտասարդ աղջիկը, կոչվում է Օդանավակայանի:

Ինքնաթիռի խցիկում առաջին անգամ հայտնվել է, երբ ընդամենը  14 տարեկան էր՝ հոր օգնությամբ, ով անձնակազմի անդամ էր: Այդ պահին էլ որոշել է՝ սա է իր մասնագիտությունը, սակայն լռել է մինչ դպրոցն ավարտելը.

«Ծնողներիս մի թեթև ակնարկ արեցի, որ ուզում եմ օդաչու դառնալ, նրանց արձագանքը՝ դե ասաց՝ ասաց, ինչ օդաչու: Ինձ համար դժվար էր, քանի որ չկար մեկը, ում կարելի էր օրինակ բերել և ասել՝ հայրիկ, մայրիկ, այ տեսեք, նա էլ է աղջիկ ու օդաչու է»:

Նադյան ասում է՝ ծնողներին համոզելու ճանապարհին արցունքներ էլ են եղել, դժվար էր հատկապես մայրիկի արտասուքներին նայել, ով ասում էր, թե հոգնել է օդաչու ամուսնուն սպասելուց, աղջկան երկնքից սպասելը չի հանդուժի:  

Առաջին թռիչքը կես տարի առաջ էր՝ Թելավի քաղաքից.

«Բառերով անհնար է նկարագրել. դա պարզապես զգալ է պետք: Ուղղակի նստել ու զգալ, ապրել այդ էմոցիաները: Դեմքիդ անհասկանալի ժպիտ է, կողքերդ ես նայում,  վայելում ես այդ գեղեցկությունը»:

Արտակարգ իրավիճակներ, իհարկե, նույնպես լինում են, սակայն Նադյան դրանց մասին խոսել չի սիրում, ասում է վատ նշան է: Փոխարենն ամենից շատ տպավորվում են պահերը, երբ ամեն ինչ սովորականից լավ է ստացվում.

25625548_1965792430117561_1647961072_o«Մի անգամ ես իջեցրի ինքնաթիռն ու այնքան իդեալական վայրէջք ստացվեց, որ թռիչքից առաջ ինձ տեսած ուղևորները հաճելիորեն զարմացել էին: Ինձ համար այնքան հաճելի էր ու ամենատպավորիչ պահերից մեկն էր: Ես ինձնից այնքան գոհ էի»:

 

Նադյայի համար գլխավորն ուղևորների վստահությունն է ու գնահատականը, ասում է՝ թերահավատորեն վերաբերվողներ էլ կան, երբ թռիչքից առաջ տեսնում են, որ խցիկում կին օդաչու է, նույնիսկ հարցնում են՝ դա վտանգավոր չէ՞, սակայն մեծամասնությունը դրական է վերաբերվում, և եթե այնպես է ստացվում, որ վայրէջքից հետո հայտնվում  է նրանց հետ միասին ինքնաթիռի սրահում, դրական խոսքերով ոգևորում են աղջկան.

00022.MTS.неподвижное изображение001«Հաճելի մեկնաբանություններ լսելն ինձ համար անչափ կարևոր է, ինձ ուժ է տալիս՝ ավելին անել, զարգանալ, դառնալ ավելի լավը»:

Նադյայի համար երկինքը ռոմանտիկա է, գեղեցկություն: Ասում է, որ յուրաքանչյուր թռիչք յուրովի հաճույք է, բնությունն անկանխատեսելի է և դրանով է հետաքրքիր:  

600 ժամից ավել օդում անցկացրած Նադեժդան զարմանում է, որ երկինքն ու բնությունն ամեն թռիչքի ժամանակ այսքան տարբեր են։ Նա հաճույքով է սպասում  հատկապես առավոտյան թռիչքներին, երբ ամպերը դեռ «նստած» են լեռների վրա:
Մի քանի տոննա կշռող էմբրայերն օդ բարձրացնող Նադյան երբեմն մի քիչ վախկոտ էլ է լինում:  Օրինակ՝ վախենում է թիթիռներից, սարդերից ու մրջունների որոշ տեսակներից: Բարձրությունից է վախենում, երբ բարձրահարկի տանիքից է նայում, սակայն կիլոմետրերի բարձրությունից չի վախենում, քանի որ սիրելի ինքնաթիռը վստահություն է տալիս:

Թողնել պատասխան