Թբիլիսիի փողոցներում երթևեկող եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ավտոբուսների թիվն ավելացել է: 10 նոր ավտոբուսները շարժվելու են Կայարանային հրապարակից դեպի օդանավակայան, ընդ որում գիշերային երթերը վերականգնելու ծրագրեր կան: Առաջին փուլում 23:00-ից 07:00-ը ավտոբուսները կերթևեկեն 1,5 ժամը մեկ անգամ: Տոմսի գինն անփոփոխ է՝ 50 թեթրի: Քաղաքի ղեկավարությունն արդեն հայտնել է, որ սա շատ կարևոր երթուղի է՝ հատկապես զբոսաշրջիկների համար, շուտով քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան «Մետրոման» երթևեկության քարտեր ձեռք բերել հենց օդանավակայանից: Հաջորդ փուլով նոր ավտոբուսները երթեր կիրականացնեն №14 գծով՝ Դիդի (Մեծ) Դիղոմիից մինչև Բարաթաշվիլիի կամուրջ:
Հիշեցնենք, որ ավտոբուսների առաջին խմբաքանակը Թբիլիսի էր բերվել նախորդ տարվա սեպտեմբերին, այս պահին մայրաքաղաքում 25 ավտոբուս է շահագործվում: Ծրագրված է, որ մինչև մարտ Թբիլիսիի ավտոպարկը կհամալրվի ևս 143-ով: Նոր ավտոբուսները «MAN» կազմակերպության արտադրության են, լիովին հարմարեցված` սահմանափակ կարողություններով անձանց տեղաշարժի համար, աշխատում են բնական գազով, ինչը էականորեն նվազեցնում է վնասակար արտազատուկների քանակը:
Թբիլիսիի քաղաքապետարանը ավտոպարկի նորացման քառամյա ծրագիր ունի, որն իրականացվում է Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի (EBRD) ֆինանսական (27 մլն. եվրո) և տեխնիկական աջակցությամբ, և Եվրամիության կողմից ստեղծված «E5P» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով: