Հոկտեմբերի 24-ին Թբիլիսիում մեկնարկեց Վրաստանի շրջանային զարգացման վերաբերյալ երկօրյա կոնֆերանսը, որի շրջանակներում ամփոփվելու են 2015-2016 թվականներին իրականացված փոքր դրամաշնորհային ծրագրերի արդյունքները: Ծրագրերը, շրջանների խնդիրները լուծելուց բացի նպատակ ունեն սերտացնել քաղաքացիների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը:
Նախաձեռնությունն իրականցվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի` UNDP-ի, «Քաղաքացիական զարգացման գործակալության» , Հարավային Կովկասում Շվեյցարիայի և Ավստրիայի համագործակցության գործակալության, Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Փոքր դրամաշնորհային ծրագրերը առավել մեծ նախաձեռնության մաս են: 2012 թվականին մեկնարկած հնգամյա նախաձեռնությունը, որ կշարունակվի մինչև 2017 թվականի վերջ, աշխատում է կառավարման ապակենտրոնացման ուղղությամբ:
Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի` UNDP-ի ղեկավար Նիլս Սկոտը իր գոհունակությունը հայտնեց գրանցած արդյունքների վերաբերյալ.
«Շրջանային զարգացման գործում շատ կարևոր է այս նախաձեռնությունը, այս միջոցառմանը կարևորել ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը` երկրի կառավարման գործում: Առաջին հերթին դա Կառավարությանը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել իրավիճակը, որպեսզի ուշադրությունը կենտրոնացվի ճիշտ ոլորտների վրա: Մոտ 650 հազար դոլարով իրականացրել ենք 31 նախագիծ, ինչը կտրուկ փոխել է պատկերը` ապակենտրոնացման տեսանկյունից»:
Վրաստանի Շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Թենգիզ Շերգելաշվիլին խոսեց միջոցառման կարևորության մասին.
«Ինքնակառավարման բարեփոխման գլխավոր ցուցանիշը կլինի այն, թե որքանով է հաշվետու շրջանային խորհուրդը՝ մունիցիպալիտետը, իսկ դա մեծ հաշվով կախված է քաղաքացիների ներգրավվածության մակարդակից: Քաղաքացիական հասարակությունը լուրջ ակտիվանալու կարիք է զգում, իսկ սա դրա աջակցության համար շատ լավ ծրագիր է»:
Վրաստանի շրջանների զարգացման կոնֆերանսը կշարունակվի նաև հոկտեմբերի 25-ին, կքննարկվեն իրականացված ծրագրերի արդյունավետությունն ու հետագա անելիքները: Հարկ է նշել, որ կոնֆերանսին Ջավախքից (Սամցխե-Ջավախեթիից) ներկայացուցիչներ չկային: