Թբիլիսիում շաբաթվա որոշ օրերին հասարակական տրանսպորտը կաշխատի նաև գիշերային ժամերին։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքերով, քաղաքապետարանն աշխատում է գիշերային Թբիլիսիի զարգացման գաղափարի վրա, որը կներկայացվի փետրվարի վերջին։
«Հասարակական տրանսպորտի աշխատանքները կփոխվեն, առաջիկայում գործողությունների պլանը ներառող ընդհանուր նախագիծ կներկայացնենք։ Տաքսիների ուղղությամբ նույնպես նախատեսվում է փոփոխություններ կատարել: Նախնական պլանում է հասարակական տրանսպորտի գիշերային աշխատանքի կարգավորումը», — ասել է Կալաձեն:
Նշենք նաև, որ գիշերային Թբիլիսիի զարգացումը Կախա Կալաձեի նախընտրական քարոզարշավի խոստումներից է։ Ինչպես ասել է Կալաձեն, «գիշերային մշակութային կյանքը» վերածնունդ կստեղծի և կբարձրացնի քաղաքի հարկային եկամուտը: