Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում սկսվում է «Կառավարական քաղաքի» կառուցումը, որտեղ տեղավորվելու են գրեթե բոլոր նախարարությունները: Այս մասին հայտնի է դարձել կառավարության հերթական նիստի ընթացքում:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ այս նպատակով բավականին մեծ տարածք է հատկացվել: Կառավարական նոր տարածքի կառուցումը կառավարման բարեփոխումների ծրագրի մաս է կազմում, միասնական սպասարկման վայրն ընտրվել է Օրթաճալան՝ նոր կառուցվող բիզնես֊տան հարևանությամբ: Ըստ կառավարության ղեկավարի՝ նախարարությունների տեղափոխությունը նշված վայր՝ մի կողմից քաղաքի կենտրոնում մեծ տարածքներ ազատելու հնարավորություն կտա, որտեղ կարելի է գրասենյակներ կամ հյուրանոցներ հիմնել, մյուս կողմից՝ զարկ կտրվի շինարարության ոլորտին: Կվիրիկաշվիլին հույս ունի նաև, որ նախարարությունների՝ մեկ վայրում կենտրոնացնելը ֆիզիկական և իրավաբանական անձանց սպասարկման նոր փուլի սկիզբ է դառնալու: