Սեպտեմբերի 1-ին Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցասրահում պաշտոնապես մեկնարկեց Բելառուսի ազգային ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Բացման արարողության ընթացքում խոսքով հանդես եկավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Չեմ մտաբերում ինչ֊որ մի երկրի կողմից այստեղ անցկացված ավելի մեծ միջոցառում: Ինձ համար դա իհարկե ողջունելի է, քանի որ մենք կապված ենք ընկերական և համագործակցային սերտ կապերով: Նման ցուցահանդես կազմակերպելու միտքը առաջացավ 2015 թվականին` Բելառուսի հանրապետության նախագահի Վրաստան այցի ժամանակ: Մենք նպատակ ենք դրել, մինչև 2017 թվականի տարեվերջ առևտրի շրջանառությունը հասցնել 200 մլն․ դոլարի»:
Բելառուսական կողմից ներկա էր հանրապետության փոխվարչապետ Միխայիլ Ռուսը, ով նույնպես հանդես եկավ խոսքով. «Մեր տնտեսությունները ոչ թե հատում, այլ լրացնում են միմյանց: 200 մլն առևտրային շրջանառություն ապահովելու համար հարկավոր են նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, ինչի արդյունքում առաջանում են նոր աշխատատեղեր։ Վստահ եմ՝ ժողովուրդը կգնահատի այս ամենը: Մեր քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները համընկնում են՝ հնարավոր դարձնելով համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում»։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո, Վրաստանի վարչապետը, առաջին փոխվարչապետը, ինչպես նաև Բելառուսի փոխվարչապետն ու առևտրաարդյունաբերական վարչության փոխնախագահը մասնակցեցին երկկողմ տնտեսական ֆորումի առաջին աշխատանքային խորհրդի նիստին: Նիստի ընթացքում, բացի պաշտոնյաների ելույթներից, տեղի ունեցան նաև դեղագործության, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ներկայացումներ (պրեզենտացիա)։
Ցուցահանդեսին Բելառուսի հանրապետության շուրջ 140 առաջատար ձեռնարկություն էր մասնակցում, այդ թվում գյուղատնեսության, մեքենաշինության, զբոսաշրջության, ինչպես նաև քիմիական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին նաեւ մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Վրաստանի Վարչապետը ներկայացված ցուցանմուշներին ծանոթանալուց հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց. «Բելառուսի հանրապետության արդյունաբերական կարողությունը ակնհայտ մեծ է: Այն կարող է օրինակ ծառայել մեզ համար։ Ողջունելի է այն փաստը, որ Վրաստանում սկսել է գործել վրաց-բելառուսական համատեղ տրակտորի և մեքենաշինական գործարանը, սակայն դրանով իհարկե չենք սահմանափակվի»։
Միխայիլ Ռուսը լրագրողների հետ խոսելիս նշեց, որ թեկուզ 20-րդ անգամ Վրաստան այցելելիս՝ անկրկնելի տպավորություններ է ունենում. «Մեր համագործակցությանը ունի մեծ ապագա։ 2015 թվականին մեր առջև դրված բոլոր ծրագրերն իրականացրել ենք բարձր մակարդակով։ Վրաստանցի գործընկերները կիսվում են խաղողագործության փորձով, իսկ մենք՝ կարտոֆիլի աճեցման հմտություններով և այդպես շարունակ: Մենք չենք մրցակցում, այլ փոխլրացնում ենք միմյանց»։
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 26-ին, Վրաստանում բացվել է Բելառուսի հանրապետության դեսպանատունը։ Վրաստանն ու Բելառուսը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել դեռեւս 1994 թվականին: Բելառուսում Վրաստանի դեսպանատունը պաշտոնապես բացվել է 2007 թվականին։