Աշխարհի 231 քաղաքների շարքում կյանքի որակով Թբիլիսին 187-րդ տեղում է։ Այս մասին վկայում են Լոնդոնում գործող Mercer խորհրդատվական ընկերության ամենամյա զեկույցի տվյալները:
Վրաստանի մայրաքաղաքը նախորդ տարվա համեմատ 17 նիշով բարելավել է դիրքերը․ 2017-ին կյանքի որակով Թբիլիսին 204-րդ տեղում էր։ Mercer-ի զեկույցի տվյալները փոխանցում է Forbes-ի վրացալեզու հրատարակչությունը։
Բրիտանացի մասնագետները զեկույցը կազմելիս հաշվի են առնում մի շարք գործոններ՝ բնապահպանական վիճակ, աշխարհագրական դիրք ու կլիմայական պայմաններ, տնտեսական իրավիճակ, սոցիալ-քաղաքական միջավայր, առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքների զարգացվածություն, հանգստի վայրեր, բնակչության կենսամակարդակ և այլն։
Աշխարհի ամենահարմարավետ քաղաքների թվում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, որն արդեն 9 տարի անընդմեջ գլխավորում է զեկույցը։ Զեկույցը եզրափակում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։
Նյութի աղբյուրը՝ imedinews.ge