Թբիլիսիի քաղաքապետարանի առջև ընդիմադիր` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների և իրավապահների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել:
Պարեկային ծառայության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներից պահանջել են ազատել մուտքը, ինչը և դժգոհության առիթ է դարձել. ընդդիմադիր կուսակցության անդամները ասել են, որ իրավունք ունեն կանգնել այդ տարածքում: Նրանք նաև հորդորել են Ոստիկանությանը` իրենց նկատմամբ ուժ չկիրառել` միայն այն բանի համար, որ Իվանիշվիլիի շնորհակալությանն արժանանան:
Թբիլսիի քաղաքապետարանի մոտ ընդդիմադիր շարժման անդամները հավաքվել են առավոտից` փակելով շենքի մուտքը: Կուսակցության անդամ Նիկա Մելիան հայտարարել էր, որ քաղաքապետին և նրա տեղակալներին թույլ չեն տալու ներս մտնել, եթե չկատարվի իրենց պահանջը:
Հիշեցնենք, որ Նիկա Մելիան քաղաքապետին վերջնաժամկետ էր ներկայացրել` չեղյալ հայտարարել «անօրինական» որոշումը, ըստ որի Թբիլիսիի Բուսաբանական այգու 29 հա հողատարածքը կանցնի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:
Մելիան «Interpressnews»-ին փոխանցել է, որ ինքնաբուխ հանրահավաքին մոտ 1000 քաղաքացի է ներկա եղել, ինչն ըստ նրա մեծ թիվ է: Ակցիայի մասնակիցներն, ի թիվս այլ պահանջների, առավոտյան հնչեցրել են նաև քաղաքապետ Նարմանիայի հրաժարականի կոչեր:
Վաղ առավոտից Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում Ոստիկանական ուժեր են կուտակվել:
«Միացյալ ազգային շարժումը» հայտարարել է, որ դադարեցնում է ակցիաները, մինչև մայիսի 3-ը: Այդ օրը պարզ է դառնալու, թե ով է Բուսաբանական այգու` 29 հա տարածքի գնորդը.
«Եթե հողատարածքը կանցնի Բիձինա Իվանիիշվիլիին, ապա դա մեծամաշտաբ ակցիաների առիթ կդառնա»,-հայտարարել է Մելիան:
Լուսանկարները` «Interpressnews»-ի