Ամեն տարի ապրիլի 24-ին` հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում բողոքի ցույց է տեղի ունենում: Վրաստանում բնակվող էթնիկ հայերը հարգանքի տուրք են մատուցում 1915-1918 թթ. Օսմանյան կայսրութում զոհվածների հիշատակին:
Այս տարի վերոնշյալ ավանդույթը հնարավոր է չգործի` Թբիլիսիի քաղաքապետարանը փորձում է խոչընդոտել ցույցի անցկացումը:
Վրաստանի հայ համայնքը մայրաքաղաքի քաղաքապետարանից հաղորդագրություն է ստացել, որի համաձայն Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը «նպատակահարմար չի համարում» ցույց անցացնել նշված վայրում` պատճառաբանելով ճանապարհային երթևեկության ենթադրյալ խափանումը:
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն այս նամակը չի ընդունում որպես արգելք և չի պատրաստվում փոխել իր ծրագրերը:
Jamnews-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնք»-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սանդրո Օգանովը (խոսքը Վրաստանի հայ համայնք կազմակերպության անդամ Սանդրո Օհանյանի մասին է խմբ.) խոսքերով, քաղաքապետարանի պատասխանը «տհաճ» էր և սպասելի:
«Մենք դա չենք ընկալում որպես արգելք, քանի որ ցույցի անցկացման իրավունքը մեզ տալիս է Սահմանադրությունը: 2005 թվականից ճիշտ այս վայրում, տարբեր միջոցառումներ ենք իրականացնում և նման բան երբեք չէր եղել: Ցույցը «նպատակահարմար» է թե ոչ` որոշում է Սահմանադրությունը: Սահմանադրությունն է քաղաքացիներին տալիս խոսքի և ազատ արտահայտվելու իրավունք. ոչ թե տրանսպորտային ծառայությունը»:
Օգանովը նշել է, որ քաղաքապետի պատասխանի վերաբերյալ որոշ կարծիքներ ունի, որ հնարավոր է` սա քաղաքական որոշում է, սակայն զերծ է մնացել թեմայի շուրջ մանրամասն խոսելուց. «Սրանք ընդամենը կարծիքներ են: Չենք ցանկանում լարել երկու երկրների հարաբերությունները»,- ասում է Օգանովը:
«Վրաստանի հայ համայնք»-ը գործող օրենքների համաձայն, հաղորդագրություն է ուղարկել Թբիլիսիի քաղաքապետարան, որ ապրիլի 24-ին Թբիլիսիում, Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է կազմակերպելու:
Վրաստանի Սահմանադրության համաձայն` ցույց անցկացնելու իրավունք ունեն բոլորը, եթե ցույցը պետության դեմ չէ: Ցույցը անցկացնելու համար թույլտվություն պետք չէ: Միայն պարտադիր է տեղական իշխանություններին տեղեկացնել, որպեսզի չհամընկնի այլ միջոցառումների հետ: Մունիցիպալիտետը իր հերթին պարտավոր է նպաստել ցույցի անցկացմանը: Երբ մունիցիպալիտետը ցույցի անցկացման վերաբերյալ հաղորդագրություն է ստանում, պարտավոր չէ պատասխանել: Պատասխան լինում է միայն այն դեպքում, երբ նշված վայրում ծրագրվում է մեկ այլ միջոցառում: Քաղաքապետարանը պատասխան է ուղարկում, որովհետև ցույցի անցկացման նոր տարածքներ է առաջարկելու:
Ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում որևէ միջոցառում նախատեսված չէ և հետևաբար, քաղաքապետարանի պատասխանի անհրաժեշտուն չպետք է լիներ:
Թբիլիսիում հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին, Վակեի այգուց Թուրքիայի դեսպանատուն երթով: Երթի մասնակիցների ձեռքերին կլինեն մոմեր և ջահեր: Ապրիլի 24-ին, 14:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա Թուրքիայի դեսպանատան մոտ: Ցույցի մասնակիցները Թուրքիայի իշխանություններին կոչ կանեն` ճանաչել հայոց ցեղասպանությունը: Միևնույն կոչը կհնչի նաև Վրաստանի իշխանություններին:
Ապրիլի 14-ին Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները հայոց ցեղասպանության հարցը քննարկելու պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին, նախագահին և վարչապետին:
Թարգմանվել է Jam-news կայքից