Թբիլիսիի մարաթոնն (Tbilisi Marathon) անցկացվում է Վրաստանի մայրաքաղաքում արդեն 6-րդ անգամ և գրավում է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների ուշադրությունը:
«Հայդելբերգցեմենտի» կազմակերպած վազքը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին 8:30 Ռուսթավելիի պողոտայից:
Մարաթոնի մասնակիցներն առավոտից հիանալի տրամադրություն ունեին, ինչը չէր կարելի ասել քաղաքացիների մասին: Սոցցանցերում նրանք դժգոհություն էին հայտնում, որ մարաթոնի պատճառով փակ են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:
«Թբիլիսիի մարաթոնի» վազքուղին անցնում է մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերով: Որպեսզի վազքը կայանա, ավտոմոբիլային երթևեկության համար արգելափակվել է Թբիլիսիի պատմական թաղամասը: Հասարակական կարգը պահպանելու համար ներգրավվել է պարեկային ոստիկանությունը:
Առաջին անգամ Թբիլիսիի մարաթոնն անցկացվել է 2012թ-ին: Նախորդ տարի մարաթոնում նորարարություն է արվել. կազմակերպիչներն ավելացրել են թիմային էստաֆետան:
«Թբիլիսիի մարաթոնի» մասնակցությունը վճարովի է, վազքին մասնակցել յուրաքանչյուր ցանկացող պետք է գրանցվի և վճարի 15 լարի 10 կմ վազքատարածության, 20 լարի՝ 21 կիլոմետրի համար:
6-11 տարեկան երեխաներին առաջարկվում է հաղթահարել 50մ վազքատարածություն, 11-15 տարեկան երեխաներին՝ 1 կմ: Նրանց մասնակցությունն անվճար է:
Մարաթոնի կազմակերպիչը՝ «Հայդելբերգցեմենտն», ավանդաբար կկրկնապատկի մարաթոնի մասնակիցներից ստացված գումարն ու կուղղի այն բարեգործական նպատակների:
Օրինակ, 2016թ-ին մասնակցիներից հավաքվել էր 23 հազար լարի, և 46 հազար լարի էր ծախսվել մանկական հոսպիսի վրա:
2015թ-ից «Թբիլիսիի մարաթոնը» ներառվել է Մարաթոն և երկար վազքատարածություններ հաղթահարող վազորդների միջազգային ասոցիացիայի (AIMS) ռեեստրում: Հետևաբար, միջոցառումն անցկացվում է միջազգային չափանիշների պահպանմամբ և ծառայում է առողջ ապրելակերպի, բարեգործության պոպուլյարիզացիային և վրացական մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը:
Նյութի աղբյուր՝ JAM news