Թբիլիսիի Քաղաքային խորհրդի (Սակրեբուլոյի) ղեկավար Գիորգի Ալիբեգաշվիլին հայտարարել է, որ մարտի 24-ի արտահերթ նիստի օրակարգում է քաղաքի ճոպանուղու սակագնի վերանայման հարցը։
«Նշված փոխադրամիջոցի համար քաղաքի մունիցիպալիտետը տրամադրում է 1 մլն 720 հազար լարի։ Այն քաղաքացիների համար հիմնական փոխադրամիջոց չէ․Ճոպանուղուց հիմնականում օգտվում են զբոսաշրջիկները։ Մենք մտածում ենք սակագինը 2 լարիով բարձրացնել՝ ստացված գումարը տրամադրելով մայրաքաղաքի բարեկարգմանը»,- պարզաբանել է Ալիբեգաշվիլին:
Քաղաքային խորհրդի ղեկավարը նշել է, որ Սակրեբուլոյի անդամները արտահերթ նիստում կքննարկեն նաև հողատարածքների սեփականության իրավունքի ճանաչման հարցերով հանձնաժողովի Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայությանն անցնելու հարցը:
Թբիլիսիի Սակրեբուլոյի արտահերթ նիստը կմեկնարկի ժամը 16:00-ին։