Մայրաքաղաքի գրադարանները հիմնովին վերափոխելու՝ Թբիլիսիի քաղաքապետարանի ծրագիրը դժգոհություն է առաջացրել գրադարանների աշխատակիցների շրջանում: Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին քաղաքապետ Կալաձեն ասել էր, որ գրադարաններում ծանր դրություն է, այդ պատճառով որոշակի բարեփոխումների կարիք կա, բացի այդ՝ գրադարանները պետք է հետաքրքիր դարձնել ընթերցողների համար:
Թիվ 19 գրադարանի վարիչ Իրինա Կենչաձեն լրագրողներին ասել է, որ իրենք հանդիպում են ունեցել փոխքաղաքապետի հետ, որի ընթացքում նշվել է, որ հին, անբարեկարգ գրադարանները պետք է լուծարվեն, հետևաբար աշխատակիցների կրճատումն անխուսափելի է: Աշխատակիցների կրճատման դեմ արդեն հանդես են եկել Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սակրեբուլո) ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները:
Ըստ գրադարանների աշխատակիցներին հասած լուրերի՝ 36 գրադարաններում, որոնցում 350 աշխատակից կա, կրճատումներ են նախատեսված:
Մեղադրանքներին քաղաքապետարանից արդեն պատասխանել են: Փոխքաղաքապետ Սոփո Խունցարիան ասել է, որ սպասվում է գրադարանների արդիականացում, այլ ոչ կազմալուծում: Նա հավելել է, թե ցավում են, որ գրադարանների բարեփոխման ծրագրին հետևում են գրադարանավարների դժգոհությունները: «Չէ՞ որ փոփոխությունն ուղղված է քաղաքային գրադարանների վիճակը բարելավվելուն»,-ասել է փոխքաղաքապետը` նշելով, որ 36 գրադարաններից 30-ում ծանր դրություն է: Ենթակառուցվածքային տեսանկյունից նաև ոչ պակաս կարևոր խնդիր է գրքերի պահպանումը, ինչի համար բավարար պայմաններ չկան: Խնդիրներից է նաև աշխատակիցների ցածր աշխատավարձը, և նոր տիպի գրադարաններ ունենալու համար պետք է վերափոխել ամբողջ համակարգը:
Նյութի աղբյուր՝ sputnik-georgia