Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի նախաձեռնությամբ հիմնված «Ժողովրդավարական շարժում – միասնական Վրաստան» կուսակցությունը մոտ 8 տարվա պատմություն ունի: Խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցության հետ համատեղ հանդես է գալիս մեկ դաշինքով՝ «Նինո Բուրջանաձե-ժողովրդավարական շարժում» անունով: Քաղաքական միավորումը ընտրություններին կմասնակցի 3-րդ համարի ներքո:
Քաղաքական կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա ուսումը շարունակել՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում: 1995-2008 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ: 2004-ից 2008 թվականներին Բուրջանաձեն զբաղեցրել է խորհրդարանի նախագահի պաշտոնը: Նինո Բուրջանաձեն խորհրդարանը ղեկավարել է նաև 2001-2004 թթ: Խորհրդարանում աշխատելու տարիներին զբաղվել է ինչպես երկրի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը վերաբերվող հարցերով: Կուսակցության ղեկավարը շուրջ 20 գիտական աշխատության հեղինակ է:
Քաղաքական գործիչ Բուրջանաձեն 2003-2004 և 2007-2008 թվականների նոյեմբեր֊հունվար ամիսներին հանդիսացել է երկրի նախագահի պաշտոնակատար: 2008 թվականին, Բուրջանաձեն հիմնել է «Ժողովրդավարական շարժում֊միասնական Վրաստան» կուսակցությունն ու զբաղվել ներկուսակցական գործունեությամբ:
2008-ից մինչ այժմ, Բուրջանաձեն որեւէ անկյունաքարային պաշտոն չի զբաղեցրել։ «Ժողովրդավարական շարժումը» բոյկոտել է 2010 թվականին տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները: 2009-ից Նինո Բուրջանաձեի ղեկավարած կուսակցությունը այլ կուսակցությունների հետ համատեղ բողոքի ցույցեր է կազմակերպել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով:
Բուրջանաձեն, ով 2003-ին Միխեիլ Սաակաշվիլիի հետ մեկտեղ «Վարդեր»-ի հեղափոխության առաջնորդներից էր, 2016 թվականի ընտրություններին ներկայացրած նախընտրական ծրագրում զգալի տարածք է հատկացրել Սաակաշվիլիի գործունեությանը և այդ տարիներին տեղի ունեցած իրադարձությունների քննադատությանը: Ըստ կուսակցության պաշտոնական կայքում զետեղված՝ կուսակցության ծրագրերի վերաբերըալ տեղեկատվության՝ Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում ծանրագույն պատմական իրադարձություններից է համարվում Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը: Սաակաշվիլիի նախագահության շրջանը որակվում է որպես ավտորիտար կառավարման դասական օրինակ:
Հատկանշական է, որ կայքում տեղադրված, կուսակցության ծրագրերի մասին տեղեկատվության համաձայն, ազգային անվտանգութան հայեցակարգում խոսվում է նաև արևմտյան արժեքների, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորության մասին, մինչդեռ կուսակցության նախընտրական քարոզչական գրքույկում «Առանց դաշինքի կարգավիճակ» է քարոզվում, ինչը ենթադրում է, որ Վրաստանը չպետք է անդամակցի որևէ միության:
Ուշագրավ է նաեւ, որ ի տարբերություն Վրաստանի մի շարք այլ քաղաքական գործիչների, Բուրջունաձեն ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի վարած քաղաքականությանը. «Քաղաքական գործիչները ո՛չ որեւէ մեկի թշնամին են, ո՛չ էլ ընկերները: Պուտինը քաղաքական մեծ գործիչ է: Բոլոր քաղաքական գործիչները վարվում են այնպես, ինչպես թելադրում են սեփական երկրի հետաքրքրությունները: Մեր նպատակը թշնամուն ընկեր դարձնելն է»,- ասել է Բուրջանաձեն:
Կուսակցության ղեկավարը Ռուսաստանը օկուպանտ երկիր չի համարում։ Նա գտնում է, որ «օկուպանտ» բառը այս դեպքում կիրառելի չէ: Կուսակցության քարոզչական գրքույկում նշված է նաեւ, որ իշխանության գալով Վրաստանի համար կբացվի ռուսական շուկան, կհաստատվի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ, կվերսկսվի երկխոսությունը Ռուսաստանի հետ: Զուգահեռաբար ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ կլինեն համագործակցային հարաբերություններ: Կուսակցությունը խոստանում է նաև անվճար ուսուցում ուսանողների համար, նվազագույն աշխատավարձը՝ 500 լարիի հասցնել, գործազրկության նվազեցում և այլ բարեփոխումներ:
Կուսակցությունը ազգային անվտանգության, տնտեսական զարգացման, սոցիալական և այլ ծրագրերի կողքին առանձին կետով նշում է նաև թմրանյութերի դեմ պայքարի քաղաքականության անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից մասնավորապես ասվում է, թե չի կարելի հենվել Նիդերլանդների օրինակի վրա, քանի որ՝ օրինականացնելով թեթև թմրամիջոցները, երկիրը վաղ թե ուշ կկանգի ավելի ծանր թմրամիջոցների տարածման խնդրի առջև: