Իշխող` «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կմասնակցի կուսակցության ընտրացուցակի ձևավորման գործընթացին:
Տեղեկատվությունը հաստատել է կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկին` «Ռուսթավի 2»-ի եթերում.
«Իվանիշվիլիի խորհրդատվությունները եղել են և տարվելու են նաև առաջիկայում, սակայն դա չի նշանակում ճնշում գործադրել»,- հայտարարել է Վոլսիկին:
Նրա խոսքով` դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ընդգրկվելու կոալիցիայի ընտրացուցակներում, բայց արդեն պարզ է, որ այն գլխավորելու է երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Մյուս թեկնածուների անունները պաշտոնապես կհայտարարվեն մայիսի 17-ի` կուսակցության համագումարի ժամանակ:
Վարչապետն արդեն խոստացել է կուսակցության թարմացում, նա նաև դրական է գնահատել Իվանիշվիլիի` նախընտրական քարոզարշավին միանալը, վարչապետի կարծիքով` որպես կուսակցության հիմնադիր` Իվանիշվիլիի բարոյական իրավունքն է` իր տեսակետն ու աջակցությունը հայտնելը: