Վրաստանում առաջիկա նախագահական ընտրությունները կազմակերպելու նպատակով ձևավորված 73 ընտրատարածքի 3637 ընտրատեղամասում առկա 21 822 թափուր տեղի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդունվել է 29 797 դիմում:
Ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը տեղի կունենա սեպտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ սեպտեմբերի 13-ից կմեկնարկի խորհրդարանական 4 կուսակցության կողմից ընտրատարածքների ընտրական հանձնաժողովի անդամների նշանակումը:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներին, վերջին տվյալներով ԿԸՀ է դիմել 19 քաղաքական կուսակցություն և 19 նախաձեռնող խումբ: Այս պահի դրությամբ 4 թեկնածու է գրանցվել:
Նախագահի թեկնածուները ԿԸՀ կարող են դիմել մինչև սեպտեմբերի 8-ը, երեկոյան ժամը 18:00-ին:
Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: