Ընթերցելով Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք»-ը. ՄԱՍ 2․ կրթաֆինանսական միֆ

Սույն հոդվածաշարով ներկայացնում ենք Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` «Ուժերի զարթոնք» գրքում մեր կողմից գտած փաստական որոշ սխալներ, իսկ հաճախ՝ իրականության հետ կապ չունեցող հատվածները: Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կրթական բարեփոխումներ

Իր գրքում Սաակաշվիլին անդրադառնալով կրթական բարեփոխմանը, մեծ հպարտությամբ է խոսում այն մասին, թե ուսուցիչները հնարավորություն են ունեցել ամսական 1000 դոլար գումար աշխատել:

«Դպրոցներում դասավանդողներին, որոնք մինչև բարեփոխման սկիզբը ստանում էին ամսական 20, լավագույն դեպքում` 30 դոլար, հնարավորություն տրվեց վաստակել ավելի քան 1000 դոլար: Դրա համար պետք էր հաջողությամբ անցնել որակավորման բարձրացման երեք-չորս աստիճան»,- գրում է Սաակաշվիլին:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից «Ալիք մեդիային» տրամադրված տեղեկատվության համաձայն, ուսուցիչներն ամենաբարձր աշխատավարձը ստացել են 2017 թվականին` 800 լարի: Սա հենց այդ երեք-չորս որակավորման փուլերն անցնելուց հետո, որի մասին խոսում է Սաակաշվիլին: Իսկ Սաակաշվիլիի կառավարման տարիներին ուսուցիչների միջին աշխատավարձի բարձրակետը եղել է 245 լարի (մոտ 100 դոլար): Այսպիսով, ուսուցիչների միջին աշխատավարձը հետևյալն է.

2005 — 115 լարի

2006 — 115 լարի

2007 — 165 լարի

2008 — 195 լարի

2009 — 220 լարի

2010 — 245 լարի

2011 — 245 լարի

2012 — 245 լարի

Իշխանափոխությունից հետո ուսուցիչների աշխատավարձերը շարունակել են բարձրանալ.

2013 — 305 լարի

2014 — 305 լարի

2015 — 355 լարի

2016 — 405 լարի

2017 — 405 լարի

2018 — 405 լարի

Սաակաշվիլիի կառավարման տարիներին ուսուցիչների աշխատավարձերի ամենաբարձր չափի վերաբերյալ տվյալները պահպանված չեն: Կրթության և գիտության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ ֆինանսավորումը մինչ 2014 թվականը տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Շարունակելով դպրոցների և ուսուցիչների թեման՝ Սաակաշվիլին անդրադառնում է նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններին:

«Մենք դպրոցներ ունեինք ազգային փոքրամասնությունների բնակավայրերում, ինչպես օրինակ` Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանի դպրոցները։ Յուրաքանչյուր տարի մենք ուղարկում էինք այնտեղ վրացերենի հազարավոր ուսուցիչներ: Եվ այդ ուսուցիչներն ամսական ստանում էին 1000-ական դոլար»,- կարդում ենք Սաակաշվիլիի գրքում:

Սաակաշվիլին նաև գրում է, թե 2006-ին է մեկնարկել Learn and study with Georgia ծրագիրը:

«Սկզբում 1500, հետո ևս 2500 անգլերենի ուսուցիչներ հրավիրեցինք այլ երկրներից»,- գրում է Սաակաշվիլին:

Կրթության և գիտության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նշված ծրագիրը մեկնարկել է ոչ թե 2006-ին, այլ 2010 թվականին: Այս ծրագրի շրջանակներում են նաև վրացերենի ուսուցիչներ ուղարկվել ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններ: Հատկանշական է նաև այն, որ նրանք ոչ թե ամսական 1000 դոլար էին ստանում, այլ 750 լարի (ներկայիս փոխարժեքով մոտ 310 դոլար), որից 125 լարին տրվում էր այն ընտանիքներին, որոնք հյուրընկալում էին նշված ուսուցիչներին: Ինչ վերաբերում է նրանց թվաքանակին, ապա արտերկրից 2010-2011 թվականներին 1500 ուսուցիչ է հրավիրվել, սակայն հետագայում 2500-ը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի համապատասխանում իրականությանը: 2012 թվականին երկրում ընդամենը 750 հրավիրված մասնագետ է եղել, սակայն այդ թիվը իշխանափոխությունից հետո բավականին նվազել է: 2018 թվականին հրավիրված ուսուցիչների թիվը կազմել է.

Անգլերենի մասնագետ — 22

Ֆրանսերենի մասնագետ — 1

Գերմաներենի մասնագետ — 2

Չինարենի մասնագետ-17:

Հատկանշական է նաև, որ նշված ծրագիրն իրականացվում է կամավորության սկզբունքով:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Թողնել պատասխան