Վրաստանի ընդդիմադիրները զգուշացրել են ՏԻՄ ընտրությունները կեղծելու ծանր հետևանքների մասին:
6 խորհրդարանական կուսակցություններն ու դաշինքները իշխանությանն են դիմել՝ ասելով, որ խախտումների դեպքում նրանք բնակիչներին փողոց դուրս կբերեն:
«Դիմում եմ Թբիլիսիի բնակիչներին, պատրաստ եղեք իրադարձությունների զարգացմանը: Մենք բոլորս պետք է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասեր գանք, որպեսզի պաշտպանենք մեր քվեն: Ինչպես նաև պետք է պատրաստ լինենք դուրս գալ Ռուսթավելիի պողոտա: Զգուշացնում ենք իշխանություններին՝ մի՛ կեղծեք ընտրությունները, հակառակ դեպքում երկրին կվերադարձնենք իր անցյալը»,- ասել է քաղաքապետի թեկնածու Կախա Կուկավան, ով ներկայացնում է «Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստանը»:
Դաշինքի մեկ այլ առաջնորդ՝ Գեորգի Ախվլեդիանին նշել է, թե Ռութավելիի պողոտայում բողոքի ակցիա անցկացվելու մասին որոշումն ընդունելն անխուսափելի կլինի այն դեպքում, եթե ընտրությունների ընթացքում խախտումներն ապացուցվեն: Ընդդիմությունը ահազանգում է՝ իշխող կուսակցության վստահված անձինք ընտրատեղամասերում գրանցում են քվեարկածներին:
ԿԸՀ-ն ի պատասխան հայտարարել է, թե Վրացական երազանքի ներկայացուցիչները չեն խախտել օրենքը, քանի որ ընտրողի անուն ազգանունը և ցուցակում գրանցման համարը հրապարակային տվյալներ են և անձնական գաղտնիք չեն համարվում:
Վրաստանյան դիտորդներն արձանագրում են՝ ընտրություններն անցնում են խաղաղ, առանց լուրջ միջադեպերի