«Վրացական երազանք»-ում սպասում են Իվանիշվիլիի հրահանգներին․ Իոսելիանի

«Խորհրդարանական մեծամասնությունը թմրանյութային քաղաքականության վերաբերյալ օրինագծի ընդունման հարցում ևս Բիձինա Իվանիշվիլիի օգնության կարիքն է զգում»,-անդրադառնալով «Վրացական երազանք»-ի այսօր նախատեսված նիստին, ասել են ընդդիմության անդամները:

Ընդդիմադիրները մտածում են, որ խորհրդարանական մեծամասնությունը այնպիսի որոշում կկայացնի, որը կբխի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր-նախագահ Բիձինա Իվանիշվիլիի շահերից:

«Նրանք միշտ սպասում են Իվանիշվիլիի հրահանգներին, ով շարունակում է մնալ այս երկրի ոչ ֆորմալ ղեկավարը: Տեսնենք, թե ինչ կորոշի Բիձինա Իվանիշվիլին»,-ասել է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ Կոտե Իոսելիանին:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցության անդամները վստահություն են հայտնել, որ իշխող ուժը թմրանյութային քաղաքականության մասին որոշում կկայացնի միայն այն բանից հետո, երբ պարզ կլինի Իվանիշվիլիի ընտանիքի ու մասնավորապես նրա որդու՝ Բերայի կարծիքը: Փոխանցում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։

 

Թողնել պատասխան