Վրաստանյան երկու տասնյակ ընդդիմադիր ուժեր համատեղ որոշում են կայացրել սահմանադրական բարեփոխումների շուրջ երկխոսության գնալ իշխանությունների հետ։
«Քորթյարդ Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից հետո «Նոր աջեր»-ի ղեկավար Մամուկա Կացիտաձեն լրագրողներին ասել է․ «Մենք պատրաստ ենք բոլոր հարցերի շուրջ բանակցել և համաձայնության գալ իշխանությունների հետ»։
Նրա խոսքով, համաձայնության կարող են հասնել փոխզիջման արդյունքում:
«Այսօր 20 ընդդիմադիր քաղաքական ուժեր պատրաստակամություն հայտնեցին հարկ եղած դեպքում փոխզիջման գնալ: Այս հայտարարությամբ դիմում ենք Վրաստանի իշխանություններին ու միջազգային հանրությանը: Քաղաքական ընդդիմությունը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների հարցով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ, կոնկրետ որոշումներ կայացնել»,- հայտարարել է Կացիտաձեն:
Նրա խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ քննարկումները վերաբերում են սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած հակասական հարցերին, հատկապես 2020թ․ համամասնական ընտրական կարգի անցնելու որոշմանը: