Անցած օրերին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված լայնածավալ ռազմական գործողությունները ակտիվորեն քննարկում էր հայաստանյան ու արցախյան մամուլը: Սակայն այլ հարց է, թե ինչպես:
«Ալիքի» հարցերին պատասխանում է հայաստանյան առաջատար առցանց լրատվամիջոցներից մեկի` «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա խոսքով` այս օրերին Ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկատվության պակաս չի զգացել.
«Ինֆորմացիայի պակաս չի նկատվել: Խնդիրը ճիշտ մատուցելու մեջ էր` ելնելով նրանից, որ կային զոհեր, պետք էր այդ տեղեկատվությունը մատուցել` ոչ ոքին չվնասելով»:
Բաղդասարյանի խոսքով` հասկանալի էր, որ այդ օրերին Պաշտպանության նախարարությունը որոշ չափով սահամանափակ հայտարարություններ էր անում, դա, ըստ լրագրողի, կարելի է բացատրել Նախարարության զբաղվածության և տրամադրության բացակայության փաստով: Մարտական գործողությունների արդյունքում զոհերի կողքին կան անհետ կորածներ, որոնց մասին տեղեկատվություն փոխանցելն էլ այդ օրերին հեշտ չէր.
«Անհետ կորածները միայն 18-20 տարեկաններ չէին, կային նաև փորձառու սպաներ, և շատ հնարավոր է, որ նրանք ողջ են: Այդ պատճառով աշխատում ենք կորուստների մասով շատ ինֆորմացիաներ չտալ»:
Անդրադառնալով այդ օրերին ղարաբաղյան լրատվամիջոցների գործունեությանը` լրագրողը նշեց.
«Ղարաբաղյան մեդիայի խնդիրներն ակնհայտ են. այստեղ չկա ազատություն, լրագրողները շատ սահմանափակ են գործում: Ես միշտ ասում եմ, որ ազատությունը քայլ առ քայլ պետք է նվաճել, ցավոք սրտի նրանք դեռ այդպես չեն մտածում և չեն աշխատում այդ ուղղությամբ»:
Բաղդասարյանը, որ տարիներ շարունակ աշխատում է մեդիա ոլորտում, հայտնի լրագրող է հատկապես հետաքննական նյութեր պատրաստելու գործում, նշում է, որ լրագրողն իր անձը չպետք է ներկայացնի. կարևորը` լուրն է: Էդիկ բաղդասարյանը խոսեց նաև հայկական զինուժի թույլ կողմերի մասին:
«Մենք չունեինք այն ինֆորմացիան, որը պետք էր` այսքան կորուստներից խուսափելու համար: Ճիշտ է` հարվածը շատ ուժեղ էր, սակայն իմ կարծիքով դրան էլ պետք է պատրաստ լինեինք»:
Էդիկ Բաղդասարյանի կարծիքով` հայկական բանակում այս առումով փոփոխություններն անհրաժեշտություն են. ինչպես ասում է` «քարացած կառույցները պետք է ջարդել».
«Իհարկե չենք ասում, որ մեր գեներալները վատն են, որովհետև այսօր բոլոր նրանք, ովքեր կանգնած են առաջի գծում, հրամանատարներն են, ուղղակի իրենք պետք է բաց լինեն փոփոխությունների առջև»: