«Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկել է 12-ամյա վրացի տղայի կյանքը:
Փրկարարը պատմում է. կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30 մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ․
«Փորի վրա պառկած ափ դուրս բերեցի, ընթացքում խոսում էի հետը, սկզբում չէր խոսում, չէր շարժվում, մինչև ափ հասցրի արդեն ավելի լավ էր, չէր հասկանում ինչ է կատարվել, սկսեց խոսել»:
Աշոտ Կարապետյանը 1989 թվականից է ընտրել փրկարարի գործը: Հայկական Կարմիր խաչի և «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավոր է: Ստեղծման օրվանից (1989թ.) ջոկատի 48 կամավորները մարդկային բազում կյանքեր են փրկել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: 1991 -ին «Լոռէ»-ն առաջինների թվում էր, որ օգնության հասավ Սաչխերեյի աղետալի երկրաշարժից տուժածներին:
Փորձառու փրկարարն ասում է՝ առաջին անգամ էր, որ առանց խմբի ու հանգստի ընթացքում է մարդ փրկում: Այլ բան է, որ ահազանգի հետքերով ես գնում, բայց զգացողություններն այլ են, երբ աչքիդ առաջ է տեղի ունենում.
«Մեր հոգու մեջ կա այդ զգոնությունը: Պարտադիր չէ, որ աշխատանքի մեջ լինենք: Արձակուրդի մեջ անգամ նայում ենք մեր չորս կողմը, որ օգնենք մարդկանց, ուշադիր ենք»:
Աշոտ Կարապետյանը վրաստանյան իր կոլեգաներին նշված լողափում չի տեսել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այս տարի ավելի քան հարյուր փրկարար է վերապատրաստել՝ սևծովյան ափերի ամենամարդաշատ հանգստավայրերում ծառայության համար: 2017-ի ամառային հանգստի սեզոնի ընթացքում Վրաստանի սևծովյան ափերին ավելի քան 250 մարդ է փրկվել, գրեթե կեսը՝ այլ երկրների քաղաքացիներ:
Վերջին երկու տարվա ընթացքում փրկվել է ավելի քան 700 մարդու կյանք: