Զատկական տոն: Ավանդական Զատիկ

Զատիկը Քրիստոնական աշխարհի կարևորագույն տոներից է `նույնիսկ ավելի կարևոր, քանի Քրիստոսի ծնունդը: Հայերը երկու տոնն էլ կոչել են Զատիկ ` փոքր և մեծ:

Զատիկը հաստատում է Հարության խորհուրդը, մարդկության հույսը` այն, որ մահը վերջը չէ:  Զատիկը Քրիստոնեական շարժական տոն է, նշվում է մարտի 22-ից հետ` 35 օրերի ընթացքում` այն կիրակին, որն այդ տարի հաջորդում է լուսնի լրմանը: Վաղ ժամանակներում տոնը տարբերվում էր նշելու ձևերով, ասում էին` Զատկի օրը բախտ են բաժանում,  և ով քներ, բախտից կզրկվեր: Զատկական մատաղը տոնի գլխավոր բաղադրիչն էր:

12472803_1527292434247382_788475261176648089_nԳյուղական ընտանիքների դրամահավաքով գնված եզները կամ ոչխարները զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում մեծ կաթսաներով: Սա տարվա ամենաթանկարժեք  մատաղն էր համարվում: Մատաղը հսկում էին համայնքի կողմից ընտված,  այսպես ասած` «արդար» մարդիկ, իսկ եփվող կաթսաների շուրջ հավաքված երիտասարդները մինչև լույս խաղում էին զատկական ամենասիրվածը` ձվախաղը:

Ողջ գիշեր երգեր էին երգում, դրանք անսպառ էին, իսկ անհրաժեշտության դեպքում`  հորինվում էին նորերը` սիրո, բարեկեցության , հաջողության մաղթանքներով: Զատկի գիշերը, ում տանը տղա ծնվեր, մեծ բախտավորություն էր համարվում, նրանք համարվում էին աստվածային շնորհ ստացողներ:

Գիշերային եռուզեռից հետո` վաղ առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես,  մարդիկ տոնական հանգնված շտապում էին եկեղեցի: Ժամերգությունից հետո ոմանք քահանայի օրհնությամբ եղբայրանում և  քույրանում էին, այս կապը սրբորեն պահվում էր, որից հետո նրանց միջև ամուսնություններն արգելված էին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է` զատկական տոնի բաղադրիչ կազմող բոլոր պարագաները կյանքի զարթոնքի խորհուրդն ու իմաստն են կրում, իսկ տոնը հայոց մեջ միշտ զոհաբերության պահանջ ուներ.

Hranush xaratyan«Զատիկի մատաղն «ախառ»  անունն ուներ, և այս «ախառը»  շատ հատուկ իմաստ ուներ, այն  կարող էր լինել թե համայնական, թե ընտանեկան, օրինակ պատկերացրեք` Թիֆլիսի հայ համայնքը «ախառ»   աներ ամբողջ համայնակիցների համար, և բոլորը պիտի գային հաղրդակցվելու այդ մատաղի հետ, դա Թիֆլիսի հայ յհամայնքի ներքին կյանքը վերահաստատող մի ծես պիտի դառնար: Ընդ որում`  այստեղ բարեգործների առաջադրանք չկա, բոլորը պետք է հանգանակություն անեին, այստեղ յուրաքանչյուրի մասնակցությունը այս տոնի խորհրդին պետք է ակհնայտ լիներ»:

Մատաղն ուտելուց հետո սկսվում էին այցելությունները, մարդիկ շնորհավորում էին միմյանց, հետո խմբերով դուրս գալիս դաշտեր` խնջույքը շարունակելու: Զվարճությունները շարունակվում էին մի քանի օր, նույնիսկ շաբաթ: Մեր օրերում տոնը նշելու կերպը էապես տարբերվում է ավանդական Զատիկից, ինչից պահպանվել է, թերևս,  միայն ձվախաղը: Փոխվել են տոնի հետ կապված մարդկանց տրամադրություններն ու ընկալումները ևս:

«Այսօրվա հասարակության զգալի մասը չի ունենում այն ապրումները, ինչ ունեին ավանդական մշակույթի տոնահանդեսին ուղղակի առնչվող մարդիկ, երբ տոնը շատ հստակ` իր խորհուրդներով ու հերթափոխերով կարգավորում էր մարդակյին հարաբերությունների շատ ոլորտներ: Հայոց մեջ Հարության խորհուրդն իր մեջ կրում է կարմիր ներկած ձուն, հիմա ձվի ներկման հսկայական բազմազանության է հասել մարդկությունը, դա արդեն դարձել է արհեստի և արվեստի մի ամբողջ ուղղություն, բոլորը սակայն, կյանքի, զարթոնքի խորհուրդը և իմաստն են կրում» :

10399601_1527292547580704_3893946322080505433_nՔրիստոնա աշխարհում Հիսուսի հարության և նոր կյանքի սկզբի ուրախության մեջ իր տեղն է գտել երեխաներին, ընկերներին, հարազատներին, ծանոթներին և անծանոթներին Զատիկի առավոտը նվեր տալու և նվերներ ստանալու սովորույթը:

Անգլիայում Զատկին դպրոցները երկու շաբաթով փակվում են, եկեղեցիները զարդարում են նոր ծաղկած ծառի ճյուղերով, մարդիկ իրար շնորհավորում են մեծ պահքի ավարտի կապակցությամբ:

Լեհաստանում Զատիկը տոնում են երկու օր: Տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Սեղանին դնում են ձու, միս ու երշիկ: Զատկի կիրակիին հաջորդում է թաց երկուշաբթին: Լեհերը ջրում են միմյանց, քանի որ գտնում են, որ ջուրը բերում է առողջություն ու հաջողություն:

Ավստրալիայում Զատիկը տոնում են չորս օր՝ ուրբաթից մինչև երկուշաբթի: Այստեղ տարածված են շոկոլադից կամ շաքարից պատրաստված ձվերը: Սեղանի զարդը Ավստրալիայում տեղական աղանդերն է՝ բեզեով տորթը՝ զարդարված կիվիով, արքայանարինջով, մանդարինով ու հատապտուղներով:

Բուլղարիայում տոնում են գրեթե հայերի նման: Ձվերը կռվեցնում են այնքան ժամանակ, մինչև բոլորը կոտրվեն:

Բրազիլիայում միմյանց գեղեցիկ փաթեթավորած շոկոլադե ձվեր են նվիրում, որոնց մեջ խաղալիքներ են պահված: Այստեղ մեծ մասը կաթոլիկներ են, ուստի Զատիկը գլխավոր տոներից մեկն է:

Գերմանիայում Զատիկին ձուկ են ուտում: Ուրբաթ և շաբաթ օրերին ոչ ոք չի աշխատում: Շաբաթ երեկոյան շատ վայրերում վառում են Զատկի խարույկը, որը ազդարարում է ձմռան ավարտը ու խորհրդանշում է չար ուժերի ոչնչացումը:

Վրաստանում ևս Զատիկը առավել սիրված ու սպասված տոներից է: Այս տարի ուղղափառ քրիստոնյաներն այն կդիմավորեն մայիսի մեկին: Ավելի քան մեկ ամիս տարբերությունը լինում է 5 տարին մեկ անգամ: Սա հաշվարկի մոտեցման տարբերությունների արդյունքն է, Ուղղափառ եկեղեցին և արևելյան մյուս քրիստոնյաները Զատիկի հաշվարկն անում են առավել բարդ մեթոդով: Չափանիշներից մեկն, օրինակ այն է, որ օրն ընտրվի հրեական Զատիկից հետո:

 

Թողնել պատասխան