
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով զբաղվող Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին մայիսի 16-ին հանդիպել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովին և շնորհավորել զբաղեցրած պաշտոնի կապակցությամբ:
Զալբերիի հայտարարությունն աղմուկ էր բարձրացրել Վրաստանի մամուլում: Այս կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Վրաստանում Եվրամիության դեսպան Յանուշ Հերմանը, ով վերահաստատել է, որ Եվրամիությունը չի ընդունում Հարավային Օսիայում անցկացված ընտրությունները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Զալբերիի հայտարարությունը որակել է որպես «անընդունելի և անհասկանալի»:
Թեմային անդրադարձել է նաև Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին: Ըստ նախարարի՝ որևէ հիմք չկա քննարկելու Եվրամիության դիրքորոշումն այս հարցի շուրջ։